2020 թվականի սեպտեմբերի 10-ին Աշխատանքային օրենսգրում կատարված փոփոխություններով և լրացումներով ի թիվս այլնի ներդրվեց նաև Հայրության արձակուրդը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, մինչ նշված փոփոխությունը, երեխայի ծննդով պայմանավորված արձակուրդի իրավունք ուներ միայն երեխայի մայրը։
Այժմ՝ երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կարող է տրամադրվել 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է միջին օրական աշխատավարձ։
Երեխայի հայրը կարող է ստանալ նաև մինչև 2 ամիս չվճարվող արձակուրդ երեխայի ծնունդից հետո առաջին տարվա ընթացքում, եթե նրա կինը գտնվում է ծննդաբերության կամ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Կարգավորումն ուժի մեջ է մտել 2021 թթվականի հունվարի 2-ից։
Երեխայի հայրը (խորթ հայրը) կարող է օգտվել նաև երեխայի խնամքի արձակուրդից։ Դրանից կարող է օգտվել նաև երեխային փաստացի խնամող ընտանիքի մայրը (խորթ մայրը) կամ խնամակալը։