TRIPP–ի կառուցումը միլիարդների ներդրում չի պահանջում, առավելագույնը ներդրումը 100 մլն դոլարն է։ Այս մասին 5–րդ ալիքի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանության բներկայացուցիչների այն հայտարարությանը, թե 9 մլրդ դոլարի ներդրումն արվել է «Թրամփի ուղու» միջոցով։
«Եթե TRIPP-ը որպես նախագիծ, չմեծանա ու չներառի ճանապարհը մինչև Երասխ, չապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը, կլինի միայն չնչին տրանզիտ, որից Հայաստանը չի էլ օգտվի։ TRIPP-ը ամերիկյան ծրագիր է Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հայաստանը այդ չնչին տրանզիտից նույնիսկ չի օգտվելու, որովհետև կիսակողմ է։ Սա ԱՄՆ–ի նվերն է Ալիեւին, բայց այդ նվերը տալիս է Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Անհասկանալի է՝ ինչու է գործող իշխանությունն ամեն կերպ Հայաստանը գցում կախվածության մեջ։ Ոչ ոք չի խոսում, որ Հայաստանն ունի այլ հնարավորություն Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալու մասին՝ Երեւան–Թբիլիսի–Սոչի–Կրասնոդար–Տուապսե– Մոսկվա, այդ երկաթուղին գոյություն ունի, չի աշխատում վրաց–աբխազական կոնֆլիկտի պատճառով։ Այն 600-700 կմ ավելի կարճ է, քան Ադրբեջանով։ Այս ուղղությունը կարող է նաեւ մարդատար գնացք կիրառել, հենց այս ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ մեկը մեկ վագոն անգամ չի տեղափոխի։ Չզբաղվել սրանով, ուղղակի հանցանք է։ Վերականգնելու համար շատ քիչ գումարներ է անհրաժեշտ»,– ասել է Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ 2003 թվականին՝ իր նախագահության ժամանակ, հետեւողական ջանքեր է գործադրել այդ երկաթուղին գործարկելու համար. «Վրացական կողմը դրական արձագանքեց, ասաց՝ եթե կարող եք աբխազներին համոզել, ես կապ հաստատեցի Աբխազիայի նախագահի հետ, որին լավ ճանաչում էի։ Նա հիվանդ էր արդեն, դրական արձագանքը կար, սակայն բանակցություններն ընդհատվեցին, երբ իշխանության եկավ Սաակաշվիլին։ Հիմա ճիշտ պահն է վերակենդանացնելու Երևան–Թբիլիսի–Սոչի–Տուապսե–Կրասնոդար–Մոսկվա երկաթուղու բացման բանակցությունները։ Ամենից նպաստավոր պահն է։ Առաջինը՝ Վրաստանը տեսնում է, որ ինքը հայկական տրանզիտի զգալի մասը կորցնելու է, եթե այդ տրանզիտը իրականացվի Ադրբեջանի միջոցով։ Եվ այդ մրցակցային դաշտում իրենք շատ ավելի են շահագրգված այդ երկաթուղու բացմամբ։ Դա իրենց տնտեսական շահերից է բխում։ Սա մեկ հանգամանք։ Եվ երկրորդ հանգամանքը՝ այսօր Վրաստանը, Եվրամիության անդամակցության ձգտման պայմաններում, և վրացիները շատ պարզ ասում էին, որ իրենց եվրոպացիները դրդում էին երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի հետ կապված։ Իրենք դա մերժեցին և հայտնվեցին որոշակի ճնշումների տակ։ Սա շատ իրատեսական ուղություն է։
Եվ բոլորին ձեռնտու է՝ և Ռուսաստանի, և Թուրքիայի համար, որովհետև Թուրքիան ստանալու է շատ ավելի կարճ երկաթուղային կապ Ռուսաստանի հետ։ Հայաստանի համար ուղղակի մի երազանքի պես բան է։ Լրիվ իրատեսական ծրագիր է, որով պետք է զբաղվել»։