Փարիզում զանգվածային ցույցերից առաջ ժանդարմերիայի զրահամեքենաներ են դուրս բերվել փողոցներ

Փարիզում զանգվածային ցույցերից առաջ ժանդարմերիայի զրահամեքենաներ են դուրս բերվել փողոցներ

Փարիզում շաբաթ օրը սպասվող զանգվածային ցույցերից առաջ անվտանգության միջոցառումները խստացվել են։ Ելիսեյան պալատի հարևանությամբ մի քանի զրահամեքենա է տեղակայվել, իսկ նախագահական նստավայրի շուրջ անվտանգության գոտին ընդլայնվել է։ Հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները միկրոավտոբուսներով և երկաթյա արգելապատնեշներով փակել են նախագահական նստավայրին հարակից փողոցների մուտքերը

Մի քանի զրահամեքենա, ինչպես նաև մեծ թվով ոստիկաններ և ժանդարմներ հերթապահում են նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Ոստիկանության և ժանդարմերիայի բազմաթիվ մեքենաներ են կայանված նաև զբոսաշրջային վայրերի հարակից փողոցներում, այդ թվում՝ Ելիսեյան դաշտերում, Էյֆելյան աշտարակի և Հաղթական կամարի մոտ, ինչպես նաև քաղաքի այլ հատվածներում։

Շաբաթ օրը Փարիզում սպասվում է արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ զանգվածային ցույց։ Մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան չի համաձայնեցրել կազմակերպիչների առաջարկած՝ Բաստիլի հրապարակից մինչև Ազգի հրապարակ երթուղին։ Փոխարենը համաձայնեցվել է քաղաքի ծայրամասով անցնող երթուղի՝ Պորտ դ’Իտալի մետրոյի կայարանից մինչև Պորտ դը Վենսենի կայարան։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ցույցերը վերածվել էին անկարգությունների և թալանի։ Դրանից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը խոստացել է զգալիորեն խստացնել անվտանգության միջոցառումները և հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների ու ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։

Ակնկալվում է, որ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ամբողջ տարածքում նախատեսված ցույցերին կմասնակցի մինչև 500 հազար մարդ։

Leave a comment