Առինջում ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքները ճանաչվել են իրեղեն ապացույց: Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
Գերատեսչությունը միաժամանակ համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտե՝ տեղեկացնելով նշված հողատարածքներն իրեղեն ապացույց ճանաչելու որոշման մասին։
Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, ըստ Պետական վերահսկողական ծառայության, Ծառուկյանը 76 հեկտար հողատարածքը ձեռք է բերել գնահատված արժեքից մոտ 380 անգամ էժան։ Ներկայիս փոխարժեքով՝ 22 մլն դոլարանոց գույքը գնվել է ընդամենը 58 հազար դոլարով։
Նշվում է, որ մոտ 10 տարի առաջ Ծառուկյանի ծննդավայր Առինջում 76 հեկտար բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի։ Հողերը դասակարգվել են նաև որպես 5-րդ կարգի արոտավայրեր, ինչի հետևանքով դրանց արժեքն ավելի է նվազել։
ՊՎԾ-ն հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, հարուցել է քրեական վարույթ։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց: