Ֆրանսիան պատրաստվում է համազգային նոր բողոքի ակցիաների․ Փարիզում մոբիլիզացվել է 70,000 իրավապահ

Ֆրանսիայի իշխանությունների ձեռնարկած քայլերը՝ ուղղված բռնությունների նոր ալիքը կանխելուն, հասարակության մի հատվածի սուր քննադատությանն են արժանացել։ Երկիրը պատրաստվում է շաբաթ օրը նախատեսված համազգային բողոքի ակցիաներին, իսկ լարվածությունը մեծանում է այն բանից հետո, երբ Փարիզի իշխանությունները չեղարկեցին խոշոր ցույցի նախապես համաձայնեցված երթուղին, ինչն արհմիություններին ստիպեց դիմել դատարան։

Սկզբնապես նախատեսվում էր, որ ցուցարարների սյունը պետք է անցներ մայրաքաղաքի խորհրդանշական վայրերով՝ Բաստիլի և Ազգի հրապարակների միջև։ Սակայն ոստիկանության պրեֆեկտուրան առաջարկեց այլընտրանքային երթուղի Փարիզի հարավ-արևելյան բուլվարներով՝ հղում անելով բախումների նոր ռիսկերին։ Արհմիությունների կազմակերպիչները զգուշացրել են, որ նոր երթուղին ավելի բարդ է լինելու անվտանգության ապահովման տեսանկյունից և կարող է նոր անկարգություններ հրահրել, ուստի մտադիր են հավատարիմ մնալ նախնական ծրագրին։

Վեճը բռնկվել է նախորդ շաբաթ տեղի ունեցած զանգվածային բռնություններից և թալանից հետո, որոնց դեմ ոստիկանությունը չկարողացավ անմիջապես արդյունավետ պայքարել։ Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում վնասվել կամ թալանվել է ավելի քան 3,000 խանութ, չնայած 60,000 ոստիկանների և ժանդարմների ներգրավմանը։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ այս շաբաթ օրը մոբիլիզացվելու է 70,000 իրավապահ, որոնց աջակցելու են հատուկ ստորաբաժանումներ, զրահատեխնիկա և ջրանետներ։ Ոստիկանական հետախուզության տվյալներով՝ Փարիզում փողոց կարող է դուրս գալ 60,000-ից մինչև 120,000 մարդ, որոնց թվում նույնականացվել են 300-ից 600 պոտենցիալ ծայրահեղական ակտիվիստներ։ Իշխանությունները հանձնարարել են խստացնել ստուգումները կայարաններում և հիմնական տրանսպորտային ուղիներում։

Անվտանգության միջոցառումների խստացմանը զուգահեռ՝ կառավարությունը հանդես է եկել նաև երկխոսություն սկսելու պատրաստակամությամբ։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն խոստացել է ներկայացնել պետական աջակցության ծրագրեր կրթության ոլորտում և վերականգնողական աշխատանքներում, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է միջնակարգ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ խոստանալով բուհերի ընդունելության Parcoursup համակարգի բարեփոխում։ Այնուամենայնիվ, ուսանողական կազմակերպությունները պահանջում են 10 միլիարդ եվրոյի հատկացում և հայտարարում են բողոքի ակցիաները շարունակելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment