Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին, իսկ 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով սենսացիոն պարտություն է կրել ղազախ Մերեյ Մաուլիտխանովից:
Մալխաս Ամոյանը մրցավայր էր մեկնել աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: Եթե Մերեյ Մաուլիտխանովը դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Դիմիտրի Խաչիձեից, իսկ 1/8 եզրափակիչում 4:12 հաշվով պարտվել է ճապոնացի Կոտո Գոմիին:
Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում 1:2 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցիչ Համզատ Գաջիևից:
Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ, որը UWW-ի դասակարգման առաջին համարն է:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ կմտնեն Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), իսկ հոկտեմբերի 26-ին՝ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):
Դավիթ Եղիազարյան