Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց

Հասարակություն

24.10.2026 | 11:33

Գագիկ Ծառուկյանին Առինջում պատկանող հողատարածքները ճանաչվել են իրեղեն ապացույց։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Միաժամանակ, իրավապահ մարմինը ՀՀ կադաստրի կոմիտեին գրություն է փոխանցել հողատարածքների իրեղեն ապացույց ճանաչվելու վերաբերյալ։

Հիշեցնենք` Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ըստ Պետական վերահսկողական ծառայության, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 76 հեկտար հողատարածքը ձեռք է բերել գնահատված արժեքից շուրջ 380 անգամ էժան։ Ներկայիս փոխարժեքով՝ 22 մլն դոլարանոց գույքը գնվել է ընդամենը 58 հազար դոլարով։

Շուրջ 10 տարի առաջ Ծառուկյանի ծննդավայր Առինջում 76 հեկտար բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի։ Հողերը դասակարգվել են նաև որպես 5-րդ կարգի արոտավայրեր, ինչի հետևանքով դրանց արժեքն ավելի է նվազել։

ՊՎԾ-ն հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, հարուցել է քրեական վարույթ։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment