Ողբերգական դեպք` Երևանում. ինքնահրկիզում կատարած 40-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում 40-ամյա տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզվել է


ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մ. Գ.-ն։ 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան  «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լ. Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում իր աղջիկը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում, որտեղ աղջկան է մոտեցել Մ. Գ.-ն, որը նրա նախկին ամուսինն է, և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մ. Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մ. Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է կատարել։

Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Leave a comment