ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Կայացել է վիճակահանությունը և ամբողջական կազմով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին:

Նորայր Հախոյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ, որը UWW-ի դասակարգման առաջին համարն է:

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում կմրցի Դիմիտրի Խաչիձեի (Վրաստան) հետ:

Կարեն Ասլանյանը (63 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Կորնելիու Ռուսուի (Մոլդովա) հետ:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից՝ մրցելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանի հետ:

Աշոտ Խաչատրյանի (72 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի Միհայ Պետիչը (Մոլդովա)։

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում կհանդիպի Համզատ Գաջիևի (Ռուսաստան) հետ:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցի Միլադ Ալիրզաևի արգելքը:

Հայկ Խլոյանը (97 կգ) որակավորման փուլում կմրցի Համզա Բումադիենի (Մարոկկո) հետ:

Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) որակավորման փուլից կսկսի Հեյքի Նաբի (Էստոնիա) դեմ գոտեմարտով:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 55, 60, 77 և 82 կգ քաշային ըմբիշները:

72 կգ, 97 և 130 կգ քաշայինները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ին, իսկ 63 67 ու 87 կգ քաշայինները՝ հոկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 մասնակից կունենա աշխարհի առաջնությունում: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment