Ղազախստանում ռուսական եկեղեցու նախկին քահանան ձերբակալվել է. նա դատապարտել է պատերազմը և փորձել Մոսկվայից անկախ եկեղեցի ստեղծել

Վորոնցովը Ռուս Ուղղափառ եկեղեցու այն սակաբաթիվ քահանաներից է, որն առաջին իսկ օրերից բացահայտորեն դատապարտել է ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա: Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանում պետք է ստեղծվի Մոսկվայից անկախ եկեղեցու ներկայացուցչություն: 2023 թվականին Ռուս Ուղղափառ եկեղեցին կարգալույծ է արել քահանային։

2023 թվականի դեկտեմբերին Ղազախստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Դրանից հետո Յակով Վորոնցովը դիմել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Նա նշել է, որ իր վրա գործադրվող ճնշման հետևում կանգնած են Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի ներկայացուցիչները՝ պնդելով, որ նրանք փորձում են խանգարել իրեն Ղազախստանում Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ եկեղեցի հիմնելուն։

2025 թվականի մայիսին Վորոնցովը հայտարարել է, որ գործը կարճվել է՝ հանցագործության ապացույցների բացակայության պատճառով։ Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի ներկայացուցիչները հերքել են քրեական գործին իրենց առնչությունը և հրաժարվել մեկնաբանել քահանայի հայտարարությունները։

2026 թվականի փետրվարի 10-ին Վորոնցովը հայտարարել էր, որ Ալմաթիի դատարանն ընդունել է իր հայցը Արդարադատության նախարարության դեմ՝ «Կրոնական միավորման գրանցումից հրաժարվելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու և չեղյալ հայտարարելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment