Բաքվում պահվող հայ գերիները Նիսի պատվավոր քաղաքացու կոչում կարող են ստանալ (PAN.am)

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բանտերում մինչ այժմ պահվող հայ գերիները կարող են արժանանալ ֆրանսիական Նիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Այս հնարավորության մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Նիսի քաղաքապետ Էրիկ Սիոտը՝ տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում։

Ինչպես տեղեկացրել է Nouvelles d’Arménie պարբերականը, միջոցառման մասնակիցներին ներկայացվել են արցախյան հակամարտության պատմությունը և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ տեղեկություններ։ Հավաքի ընթացքում ելույթներով հանդես են եկել ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ հասարակական և քաղաքական գործիչներ, հայտնում է Sputnik Արմենիան:

Նիսի քաղաքային իշխանությունները դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածում ցուցադրում են Բաքվի բանտերում ազատազրկված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։

Քաղաքապետի պարզաբանմամբ՝ այս նախաձեռնության նպատակն է քաղաքի բնակիչներին և անցորդներին մշտապես հիշեցնել գերության մեջ գտնվող հայերի ծանր դրության մասին։ Միաժամանակ այն կոչված է ընդգծելու նրանց ազատ արձակման համար միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունն ու հրատապությունը։

Էրիկ Սիոտը վերահաստատել է, որ Նիսի իշխանությունները մտադիր են շարունակաբար բարձրաձայնել հայ գերիների հարցը՝ մինչև նրանց ազատության վերականգնումը։

«Քաղաքը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, մինչև նրանք ազատ արձակվեն»,- հայտարարել է Նիսի քաղաքապետը։

Քաղաքապետը նաև շեշտել է, որ Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման հարցը չի սահմանափակվում միայն մարդասիրական հարթությամբ, այլ ունի նաև քաղաքական նշանակություն և պահանջում է համապատասխան արձագանք։

Պաշտոնական հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ նշանակվել է 20 տարվա ազատազրկում։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ևս դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանն ու Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման։ Գարիկ Մարտիրոսյանի նկատմամբ սահմանվել է 18 տարվա ազատազրկում, իսկ Դավիթ Ալահվերդյանի և Լևոն Բալայանի նկատմամբ՝ 16 տարվա։ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը դատապարտվել են 15-ական տարվա ազատազրկման։

Leave a comment