Ծեծկռտուք Ալբանիայի խորհրդարանում․ ընդդիմությունը պահանջում է քննարկել ուսանողական բողոքի ակցիաները

Ալբանիայի խորհրդարանում հինգշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ պատգամավորների միջև, երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձել են տապալել նիստը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ իշխող մեծամասնությունը շարունակում էր օրինագծերի քվեարկությունը երկրում աճող քաղաքական լարվածության պայմաններում։  

Վեճերն ու ծեծկռտուքն սկսվել են այն բանից հետո, երբ խորհրդարանի ղեկավարությունը մերժել է ընդդիմության պահանջը՝ օրակարգում ընդգրկել և քննարկել մայրաքաղաք Տիրանան արդեն տասներորդ օրը ցնցող ուսանողական զանգվածային բողոքի ակցիաները։ Ընդդիմադիր պատգամավորները պարզել են ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած ուսանողների լուսանկարները և արգելափակել ամբիոնը, մինչդեռ դահլիճում քաոսային իրավիճակում շարունակվել է քվեարկությունը։

Միևնույն ժամանակ, խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ուսանողների մեծ խմբեր։ Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ ցուցարարները քաղաքի կենտրոնում բախվում են իրավապահների հետ՝ նրանց ուղղությամբ նետելով քարեր, պայթուցիկներ և «Մոլոտովի կոկտեյլներ», ինչին ոստիկանությունը պատասխանում է մահակներով, ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։ Ուսանողներն ու դպրոցականները պահանջում են ուսման վարձի նվազեցում, կրթության ոլորտում պետական ներդրումների ավելացում և կոռուպցիայի վերացում։ Այս շարժումն աստիճանաբար վերածվել է ընդդիմադիր լայն ալիքի, որը պահանջում է վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Վերջինս, սակայն, հայտարարում է, որ մտադիր չէ զիջել և քննադատում է բռնության դրսևորումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment