Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ստեփանավանում Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։
«Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով:
Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ այս կիրակի սպասվող ավագանու համամասնական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների օժանդակությամբ Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Նա պատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես, ինչի համար առանձնացրել է յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարները, նշումներ կատարել և ցուցակներ կազմել։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկությունները հաստատող տեսաձայնագրություն է հրապարակել: