Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը

«Ադեկվադ» միաբանության անդամ Գարեգին Պետրոսյանը ներկայացրել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը։

«Կալանավորման որոշման հետ միաժամանակ քննիչի որոշմամբ Ա. Դանիելյանի նկատմամբ սահմանվել է տեսակցությունների և հեռահաղորդակցության ամբողջական արգելք (բացառությամբ փաստաբանների հետ հաղորդակցության)։

– Ապացույցների բնույթը և ռիսկերի բացակայությունը

Քրեական դատավարությունում տեսակցությունների արգելքի իրավական նպատակն է թույլ չտալ, որ մեղադրյալը թաքցնի ապացույցները կամ ազդի վկաների վրա։ Տվյալ դեպքում մեղադրանքի հիմքում ընկած են արդեն իսկ արված հրապարակային գրառումները, որոնք քննչական մարմինն արձանագրել և ներբեռնել է: Ուստի, ընտանիքի անդամների միջոցով թվային ապացույցները «ոչնչացնելու» կամ փոփոխելու որևէ առարկայական ռիսկ գոյություն չունի։

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի խախտումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն պրակտիկայի համաձայն (ՄԻԵԿ 8-րդ հոդված՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհից և ընտանիքից լիակատար մեկուսացումն անթույլատրելի է, եթե խոսքը չի վերաբերում ահաբեկչությանը կամ կազմակերպված հանցավորությանը։ Քննիչի կողմից արգելքի ավտոմատ (մեխանիկական) կիրառումը՝ առանց հստակ փաստական հիմնավորման, թե ինչպես կարող է ընտանիքի հետ կապը վնասել քննությանը, որակվում է որպես անհամաչափ սահմանափակում և լրացուցիչ ճնշման միջոց»,- նշել է Պետրոսյանը։

Leave a comment