Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է Հորդանան գետի Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը։ Զինվորականներին հրամայվել է անհապաղ փակել Խեվրոն քաղաքը, ինչպես նաև նախապատրաստվել հոկտեմբերի 23-ից դեպի պաղեստինյան այդ տարածք տանող բոլոր անցակետերի փակմանը։
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսրայելական կողմը հայտնել է հոկտեմբերի 23-ի առավոտյան նշված շրջանում ՀԱՄԱՍ-ի զինյալների իրականացրած հրաձգության մասին, որի հետևանքով տուժել է հինգ մարդ։ Իսրայելցի զինվորականները կարճ ժամանակ անց հայտարարել են երկու հարձակվողների սպանության մասին՝ նշելով, որ մյուս կասկածյալների որոնումները շարունակվում են։
Վարչապետ Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, ըստ ամենայնի, խաղաղ բնակիչների վրա լայնամասշտաբ հարձակում էին նախապատրաստում, սակայն Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին հաջողվել է կանխել նրանց ծրագրերը։ dpa գործակալությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իսրայելում սպասվող խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ, որոնց արդյունքներով Նեթանյահուն կարող է կորցնել իշխանությունը։