Գազի գինը 69%-ով չի կարող թանկանալ. 15 րոպե ժամանակ կտանք ՌԴ-ին՝ հավաքիր խողովակներդ ու հեռացիր Հայաստանից, ուրիշ տեղից կգնենք գազը. Ազատ Արշակյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մարտահրավեր է, հարկավոր է քաղաքական, տնտեսական և հոգեբանական իմունիտետ, հակազդեցություն ձևավորել դրան»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանն այնպիսի պայմաններ, իրավական այնպիսի թակարդներ է ստեղծել, որ որևէ երկիր չկարողանա դուրս գալ գաղութից. «Ռուսաստանն այսօր կալանավայր է, այնտեղից դուրս գալու իրավական կողմ չկա, եթե ՌԴ-ն դրան դեմ լինի: Եթե ՀՀ-ն դիմում չի ներկայացնում դուրս գալու, չեն կարող հանել, բայց դա գաղութարարի, բռնարարի ստեղծած փաստաթուղթ է, հենց որ ուզի, կարող է խախտել»:
Խոսելով զեկույցում տեղ գտած այն փաստի մասին, որ գազի գինը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ Արշակյանը նշեց. «Դա տնտեսագիտության տգիտության դրսևորում է, 69 տոկոսով չի կարող թանկանալ, հենց որ շահերից չբխեց ռուսական գազը, մենք ինքներս կփակենք դրա ճանապարհը, թող ինքն այդ գաղամուղը վերցնի ու գնա, 15 րոպե ժամանակ կտանք Ռուսաստանին՝ հավաքիր խողովակներդ ու հեռացիր Հայաստանից, որովհետև մենք ուրիշ տեղից ենք գազ գնելու: Չի կարող թանկացնել, շուկայական գնին համապատասխան պետք է լինի: Եթե շուկան պահանջում է՝ կթանկանա, եթե շուկայական գին չի, դա ռեպրեսիա է, պատժամիջոց է՝ չի կարող, թույլ չենք տա, որ մեզ պատժեն, ուրիշ տեղից կգնենք այդ գազը: Բոլոր հարևան երկրներից կարող ենք գազ գնել, որովհետև համաշխարհային շուկայում գազի ավելցուկ կա, մեզ բոլորը գազ կտան»:
Ազատ Արշակյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը ռուսական իմպերիայի մականուններն են. «Հայաստանին պարտադրում են գաղութացում, անազատություն, ՀՀ-ն ուզում են դարձնել գուբերնիա: Ռուսաստանին վռնդում են Հայաստանից մեր դաշնակիցները: ԵԱՏՄ-ն ՀՀ գյուղատնտեսությանը, տնտեսությանը պատերազմ հայտարարելով՝ արդեն Հայաստանից դուրս է, հակառակ կողմում է կանգնած: Ռուսաստանի իմպերիան, երբ փակում է սահմաները ՀՀ տնտեսության դեմ, երբ սպառնում է, որ էներգետիկ կամ այլ տեսակի շրջափակում կանի, դա նշանակում է, որ Ռուսաստանն ինքն իրեն հեռացնում է»:
Անդրադառնալով զեկույցին Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ Արշակյանն ասաց. «Վարչապետի հայտարարությունը նշանակում էր՝ մի արեք, դա չի ազդում մեզ վրա, մենք շարունակելու ենք մեր կուրսը: Բայց ռուսները հայերեն չեն հասկանում, իսկ ովքեր հայերեն և ռուսերեն գիտեն, նրանք էլ շահագրգռված չեն թարգմանել: Հայաստանն է իրենց պետք, նրանց համար իշխանությունը կարևոր չի, կամակատար է պետք, եթե Նիկոլ Փաշինյանը կատարի այն, ինչ այնտեղից թելադրում են, իշխանափոխություն պետք չէ անել, իրենց պետք է դրածո: Փաշինյանը դիմադրում է, նրան ուզում են փոխել, հնազանդ իշխանություն են ուզում ունենալ: Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ազգային ազատագրական է, ասեց՝ չենք հանձնվելու, ձեռքերդ հեռու Հայաստանից»:
Ըստ մեր զրուցակցի՝ հենց որ հարմար լինի՝ կլքենք ԵԱՏՄ-ն. «Հենց ժամը գա, մենք կգնանք, դա է այսօրվա իշխանության քաղաքականությունը»: