Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հինգշաբթի շուրջ 150 հազար մարդ՝ Սերբիայի ընդդիմադիր ուսանողական շարժման աջակիցներ, հանրահավաք են անցկացրել Բելգրադի կենտրոնում՝ նպատակ ունենալով կիրակի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք վճռորոշ խորհրդարանական ընտրություններում իշխանությունից հեռացնել երկարամյա առաջնորդ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությանը, գրում է AFP-ն։

«Ուսանողական ցուցակ» շարժումը, որը միավորում է ուսանողների աջակցությամբ առաջադրված թեկնածուներին և չունի միասնական առաջնորդ, կիրակի օրվա ընտրություններում ձգտում է վերջ դնել Վուչիչի աջ պոպուլիստական «Սերբական առաջադիմական կուսակցության» (SNS) ավելի քան 14-ամյա կառավարմանը։ Սա Վուչիչի իշխանության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերն է։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նախազգուշացրել են, որ նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ահաբեկումներով, ձերբակալություններով, հարձակումներով, պետական ռեսուրսների չարաշահմամբ և խեղաթյուրված մեդիա միջավայրով։

Բելգրադում «Ուսանողական ցուցակ» շարժման հանրահավաքին մասնակցել է շուրջ 150 հազար մարդ։ Այս մասին X-ում հայտնել է «Հանրային հավաքների արխիվ» անկախ կազմակերպությունը, որը հետևում է հավաքների մասնակիցների թվին։

Ընտրություններն անցկացվում են ուսանողների գլխավորած՝ շուրջ երկու տարի շարունակվող բողոքի ցույցերից հետո։ Դրանք սկսվել էին 2024 թվականին, երբ Նովի Սադի նորոգված երկաթուղային կայարանում փլուզվել էր ծածկը, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել։

Ողբերգությունը, որի համար լայնորեն մեղադրում էին տարածված կոռուպցիան, հանգեցրել էր Սերբիայում 2000 թվականին՝ Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տապալումից ի վեր ամենախոշոր բողոքի ցույցերից մի քանիսին։ Համալսարանական ուսանողների գլխավորած հակակոռուպցիոն շարժումը սկզբում պահանջում էր ողբերգության հանգամանքների թափանցիկ քննություն, սակայն աստիճանաբար շարժումը վերածվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի։

«Ուսանողները հաղթում են» գրությամբ դրոշներ պարզած, վանկարկումներով և սուլիչներով ուսանողներն ու նրանց աջակիցները երթով անցել են Բելգրադի փողոցներով, ապա հավաքվել Սլավիա հրապարակում, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ամենամարդաշատ բողոքի ցույցերից մի քանիսը։ AFP-ի թղթակիցների հաղորդմամբ՝ մարդիկ նախօրեին լցրել են հրապարակն ու հարակից փողոցները։

Վուչիչը ավելի քան մեկ տասնամյակ գերիշխող դիրք է զբաղեցնում Սերբիայի քաղաքական կյանքում՝ տարբեր ժամանակներում զբաղեցնելով վարչապետի կամ նախագահի պաշտոնը։ Աճող ճնշման պայմաններում Վուչիչն անցյալ ամիս հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ այսպիսով իր կուսակցության համար ստեղծելով ամենամեծ ընտրական մարտահրավերը 2012 թվականին իշխանության գալուց ի վեր։

Հինգշաբթի Վուչիչը մայրաքաղաքի մարզահամալիրներից մեկում ելույթ է ունեցել իր աջակիցների առջև։ Նա պարբերաբար ուսանողական շարժմանը մեղադրել է օտարերկրյա ֆինանսավորմամբ պետական հեղաշրջման փորձի մեջ։

«Երբեք չմոռանանք, թե ինչպես էին նրանք փորձում տապալել մեր պետությունը։ Միշտ պաշտպանենք և պահպանենք այն։ Եկեք դուրս գանք և հաղթենք նրանց։ Վճռականորեն ջախջախենք նրանց»,- հայտարարել է 56-ամյա Վուչիչը, որը հրաժարական է տվել՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար։

«Ուսանողական ցուցակի»՝ խորհրդարանի 250 տեղի համար առաջադրված 250 թեկնածուներից շատերը գիտական ու ակադեմիական շրջանակներից են կամ միտումնավոր հեռու են մնում ավանդական քաղաքականությունից։ Շարժումն ունի լայն քաղաքական ծրագիր, որի առանցքում կոռուպցիայի դեմ պայքարի խոստումն է։

Ընտրություններից մի քանի օր առաջ Սերբիայի քաղհասարակության կազմակերպությունները նախազգուշացրել են, որ երկրում բացակայում են «ազատ և արդար ընտրությունների» համար անհրաժեշտ պայմանները։

«Այս գնահատականը հիմնված չէ առանձին միջադեպերի, ընդդիմության պնդումների կամ կառավարության հետ քաղաքական տարաձայնությունների վրա։ Այն հիմնված է Սերբիայի անկախ կազմակերպությունների փաստագրված եզրակացությունների վրա։ Այդ կազմակերպություններն աշխատում են տարբեր ոլորտներում»,- ասվում է 24 կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։

Չորեքշաբթի Բելգրադի դատախազները հարցաքննել են վեց անձանց, որոնք ձերբակալվել էին ընտրությունների օրը «բռնություն, անկարգություններ և հարձակումներ» կազմակերպելու կասկածանքով։ Վերջին ամիսներին ուսանողական ցույցերի մասնակիցների նկատմամբ սպառնալիքների և ահաբեկման դեպքերի մասին հաղորդումները հաճախակիացել են, սակայն շարժման մեկնարկից ի վեր հանրահավաքները հիմնականում խաղաղ են ընթացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment