Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։
Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։
Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Փաշինյանը, ինչպես կարծում են իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, կարող է բավական կտրուկ որոշում կայացնել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր թիմի մի մասը նման զարգացումներին պատրաստ չէ»։