Ամերիաբանկն ու Վիզուալ Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացրել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները

Կենսաբազմազանության վերաբերյալ կրթական բովանդակության կարևորությունը COP17-ի օրակարգային թեմաներից է: Վիզուալ Հայաստանը հանրակրթության մեջ նորարարական, թվային և նախագծային ուսուցման մոտեցումների կիրառման փորձով է կիսվել` միջոցառման շրջանակում իրականանացնելով պանելային քննարկումներ ու մասնագիտական ելույթներ, կիսվելով փորձով ու կատարված աշխատանքով: Եթե վաղվա մասնագետը, քաղաքացին և որոշում կայացնողը այսօր դպրոցական է, ապա այսօր ի՞նչ հարաբերություն ենք մենք ձևավորում նրա և բնության միջև։ Այս հարցին խոսնակները մոտենում էին տարբեր կողմերից: 

Միջոցառման շրջանակում տեղի ունեցող պանելային քննարկումներն արտացոլում էին Վիզուալ Հայաստան հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքը: Առաջին պանելային քննարկման թեման այն էր, թե ինչպես են երեխաները հետազոտել, փորձել լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, ստուգել և բացահայտել: Ի դեպ, խոսնակներն էլ հենց երեխաներն էին: 

Երկրորդ պանելային քննարկումը տալիս էր այն հարցի պատասխանը, թե ինչպես է կազմակերպվել աշխատանքը դպրոցի ներսում և համայնքի հետ: 

Երրորդ պանելային քննարկումը գալիս էր պատասխանելու այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ այս փորձը շարունակական դարձնելու համար` ընդգծելով գիտության, կրթական համակարգի, մասնավոր հատվածի և հիմնադրամի դերն այս ճանապարհին:  

Պանելային քննարկման խոսնակները նշում էին` կրթության միջոցով է ձևավորվում մարդու և բնության հարաբերությունները, հետևաբար վաղը լավ կենսամիջավայր ունենալու համար պետք է գիտակից ու առողջ սերունդ կրթել այսօր:

Կրթության երկարաժամկետ արժեքն Ամերիաբանկում լավ գիտեն: Վիզուալ Հայաստանի հետ գործընկերությունն այս առումով բանկի համար առանձնահատուկ նշանակություն ունի:

«Ամերիաբանկը հավատում է, որ ապագայի համար ամենակարևոր ներդրումներից է կրթությունը: Այսօրվա աշակերտը վաղվա մասնագետն է, ձեռնարկատերն ու որոշում կայացնողը: Այն գիտելիքն ու հմտությունը, որը նա ստանում է այսօր, վաղը կարող է օգնել երկրի զարգացմանը: Այս համատեքստում մեզ համար կարևոր է այնպիսի գործընկերություն ձևավորել, որը կարող է երկարատև ու հեռանկարային արդյունք ապահովել», – պանելային քննարկման ժամանակ նշեց Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Իրինա Փյուսկուլյանը`  կարևորելով ժամանակակից, աշակերտակենտրոն ու գիտելիքահեն կրթական միջավայրը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև համայքներում:

Ամերիաբանկում վստահ են՝ հանրակրթության ոլորտում պետք է որդեգրել այնպիսի մոտեցում, որը գիտելիքը կապում է իրական փորձառության, համայնքի, պատասխանատվության և գործողության հետ։

«Վիզուալ Հայաստան-ը բերում է կրթական մեթոդաբանությունը և նորարարական գործիքները, իսկ Ամերիաբանկը ռեսուրսներ՝ բիզնեսի և ֆինանսական ոլորտի փորձի տեսքով: Մեզ համար կարևոր է, որ այս հնարավորությունները հասանելի լինեն բոլոր դպրոցներին, իսկ ուսուցիչները կարողանան շարունակաբար կիրառել նոր մեթոդները: Համագործակցության շրջանակում մշակվող թվային հարթակը երեխաների համար ավելի հետաքրքիր է դարձնում ուսուցման գործընթացը»:

COP17-ի շրջանակում բնապահպանությանն ու բնության հետ մարդու հարաբերությունների համատեքստում կրթության կարևորության մասին պանելային քննարկումներին Վիզուալ Հայաստանը ներկայացրեց իր՝ հանրակրթության մեջ նորարարական, թվային և նախագծային ուսուցման մոտեցումների կիրառման փորձը, որի շրջանակում ներկայացվեց նաև «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագիրը և դրա շրջանակում իրականացվող «Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» (ՍԷԱԴ26) մրցույթ-ծրագիրը։

2026 թվականին ՍԷԱԴ-ն իրականացվում է արդեն չորրորդ անգամ՝ Հայաստանի տարբեր մարզերից 226 դպրոցական թիմերի մասնակցությամբ։ Այս տարվա թեման՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․․․», ընտրվել է՝ հաշվի առնելով կենսաբազմազանության պահպանության օրակարգը և CBD COP17-ի թեմատիկ շրջանակը։

ՍԷԱԴ26-ի շրջանակում դպրոցական թիմերը ուսումնասիրել, հետազոտել, փաստագրել և քարտեզագրել են իրենց համայնքների բնապահպանական խնդիրներն ու բնական արժեքները՝ համագործակցելով համայնքային և մասնագիտական կառույցների հետ և մշակելով տեղային հնարավոր լուծումներ։ Այսպիսով՝ դպրոցականը դառնում է հետազոտող, տվյալների հավաքագրող, տեղական գիտելիք ստեղծող և իր համայնքի բնապահպանական խնդիրների նկատմամբ հետաքրքրված ու նախաձեռնող մասնակից։

Leave a comment