Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Այս համատեքստում՝ Ադրբեջանը բախվում է երկու առանցքային խնդրի։ Առաջին՝ դեպի Թուրքիա և Սև ծովի ավազան տանող նրա գործող խողովակաշարերն ու երկաթուղին անցնում են Վրաստանի տարածքով, ինչը Բաքվին որոշակի կախվածության մեջ է դնում Թբիլիսիից։ Թբիլիսիի լծակը թուլացնելու համար Ադրբեջանը կենսական նշանակություն է տալիս «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը թույլ կտա ոչ միայն դիվերսիֆիկացնել տարանցիկ ուղիները, այլև ուժեղացնել վերահսկողությունն իր էքսկլավ Նախիջևանի նկատմամբ։ Նախիջևանի ինքնավարությունը 2026 թվականի մարտի 10-ին հաստատված սահմանադրական փոփոխություններով էապես սահմանափակվել է (ինքնավար հանրապետության կարգավիճակը ձևականորեն պահպանվում է)։
Երկրորդ խնդիրը ներդրումների և տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությունն է։ Ալիևը Բեռլինում հայտարարել է, որ գազի մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ են գնորդների հայտ և ենթակառուցվածքների ընդլայնում, և կոչ է արելեվրոպական բանկերին, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկին, վերանայել նավթագազային նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը։ Բացի այդ՝ գործող ենթակառուցվածքների թողունակությունը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը Եվրոպայի համար համեմատաբար խոշոր մատակարար դառնա․ Ալիևի խոսքով՝ Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) գազամուղներն աշխատում են լրիվ հզորությամբ։
Ալիևի այցը Բեռլին քարոզչական կարևոր նշանակություն է ունեցել Ադրբեջանի ղեկավարության համար․ ներքին լսարանին այն ներկայացվում է որպես երկրի միջազգային հեղինակության աճի և դիվանագիտական հաջողության ապացույց։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն այցն անվանում են «բեռլինյան հաղթանակ» և «ադրբեջանական դիվանագիտության հերթական հաջողություն»։ Գերմանիայի համար առաջնահերթ են էներգամատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացումն ու Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքների զարգացումը։ Այս համատեքստում՝ ստորագրված հռչակագիրը, ըստ որոշ գնահատականների, թույլ է տալիս ներկայիս ճգնաժամային իրավիճակում բաշխել և մեղմել առկա ռիսկերը։
Հարավային Կովկասում գազի արտահանման ուղիներն ընդլայնելու համար, թերևս, Ադրբեջանը կփորձի կառուցել նոր խողովակաշար, սակայն դա ավելի կմեծացնի նրա կախվածությունը Թուրքիայից։
Եվրամիությունը գազամատակարարման և տարանցման ոլորտներում կարող է համագործակցությունն օգտագործել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ ԵՄ-ի համար սա նաև Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Ղազախստանի հետ Ռուսաստանից անկախ հաղորդակցային կապեր զարգացնելու հնարավորություն է։ Սակայն Ադրբեջանի դեպքում նման ռազմավարական նպատակի առկայությունը հաստատված չէ։ 2026 թվականի հուլիսի 13-ին Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «լիովին կարգավորվել են»։ Ուստի՝ ավելի հավանական է, որ Բաքուն այս համագործակցությունը կդիտարկի որպես տարածաշրջանում իր քաղաքական կշիռն ամրապնդելու և տարբեր գործընկերների հետ բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու միջոց։
«Գեղարդ» վերլուծական