Միայն երեք օր անց և դարձյալ միայն ԶԼՄ-ների հրապարակումներից հետո ԱԱԾ-ն հայտնեց, որ 58-ամյա ադրբեջանցի Յաշար Քասիմովը մոլորվել և հայտնվել է Հայաստանում, մասնավորապես, Տավուշի մարզի տարածքում։ Առավոտյան ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրան Ադրբեջան վերադարձնելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան գործողություններ։
«Տեսնում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն ա պրոբլեմը»,- Նիկոլ Փաշինյանն այսօր այսպես արձագանքեց Հայաստանի սահմանն ադրբեջանցու կողմից հատելու և պատշաճ սահմանային վերահսկողության մասին հարցին։
«Տեսել են՝ մարդ է քայլելով գալիս, ձերբակալել են, հանձնել են Ազգային անվտանգության ծառայությանը: Այսինքն՝ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- հավելեց նա։
Փաշինյանը նաև ասաց՝ աշխարհում չկա այնպիսի սահման կամ շփման գիծ, որը մարդը չի կարող անցնել։
«Բա Ադրբեջանի կողմից ո՞նց է անցել: Ես նախորդ անգամ այդ թեմային անդրադարձա, դիվերսա՞նտ է, հա՞»,- ընդգծեց Փաշինյանը։
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն արձանագրեց՝ ադրբեջանցին դեռ չի վերադարձվել, բայց նաև ասաց, որ, անհրաժեշտության դեպքում, ծառայողական քննություններ են նշանակվում:
Ոչ թե ծառայողական քննություն, այլ քրեական վարույթ պետք է նախաձեռնվի՝ ասում է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։ Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից՝ ադրբեջանցին դիտավորյա՞լ է հատել ՀՀ պետական սահմանը, թե՞ պարզապես մոլորվել է, քրեական վարույթ նախաձեռնելը պարտադիր է։
«Քրեական վարույթի նախաձեռնման նպատակը փաստերը ստուգելն է, որպեսզի պարզեն՝ հանցակազմ կա՞, թե՞ ոչ, հիմա եթե այդ ընթացքում պարզեցին, որ հանցավոր արարք կա, արդեն սկսվում է քրեական հետապնդումը, իսկ եթե չկա հանցավոր արարք, այդ դեպքում արդեն որոշում է կայացվում վերադարձնել»,- բացատրեց Ղազարյանը։
Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ վարույթ չի նախաձեռնվել՝ առանց որևէ այլ մանրամասն հայտնելու։ Պարզ չէ՝ իրավական գործընթաց կսկսվի՞, թե՞ ոչ։
«24 News» լրատվականն ավելի վաղ գրել էր, որ ադրբեջանցին հովիվ է, որը ոչ թե մոլորվել է, այլ հայկական կողմ է անցել սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար։ Արա Ղազարյանն ասում է՝ եթե հաստատվի, որ ադրբեջանցին մոլորվելու հետևանքով է հատել սահմանը և վախենում է վերադառնալ իր երկիր, կարող է ապաստան հայցել Հայաստանից։
«Հայաստանը, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն, պետք է որոշում կայացնի՝ տրամադրե՞լ ապաստան, թե՞ ոչ։ Եթե ապաստան տվեց, նա դառնում է փախստական, դա նշանակում է, որ սահմանը հատելն ապօրինի չէ։ Մենք Քրեական օրենսգրքում այդպիսի նորմ ունենք․ եթե մարդն այլ պետության սահմանը հատում է փրկվելու նպատակով, ապա դա անօրինական հատում չի համարվում»,- ասաց Ղազարյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանցու սահմանահատմանը, նշում է, որ նման դեպքեր ամեն տարի կրկնվում են, և անգամ սահմանազատումը չի կարող բացառել այդպիսի իրավիճակները։
«Այդպիսի դեպքեր բազմիցս, ամեն տարի կրկնվում են։ Եթե հովիվ է, կարող է սահմանի այն հատվածները, որոնք հստակ չեն երևում, խախտել, ո՞վ է գնում անասունի հետևից․ սկզբից անասունն է գնում, հետո ինքը»,- ասաց Քոչարյանը։
Արա Ղազարյանը ևս ընդգծում է՝ եթե ադրբեջանցին հանցանք չի գործել Հայաստանի տարածքում, որպես մարդասիրական ժեստ՝ կարող է արագ վերադարձվել։
«Սովորութային այդպիսի նորմ կա պետությունների միջև, որ քաղաքացուն վերադարձնում են, իհարկե, այդ ամենը պետք է լինի երկկողմանի։ Փոխադարձության սկզբունքն Ադրբեջանը կա՛մ չի հարգում, կա՛մ էլ յուրովի է մեկնաբանում։ Բայց ընդհանրապես միջազգային հարաբերություններում շատ կարևոր սովորութային նորմ է փոխադարձությունը»,- ասաց փաստաբանը։
Մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ ադրբեջանցին է հատում Հայաստանի պետական սահմանը, սակայն հանրությունը միջադեպերի մասին առաջին հերթին ոչ թե պատասխանատու կառույցներից, այլ լրատվամիջոցներից է տեղեկանում։ Երկու դեպքում էլ միայն ԶԼՄ-ների հրապարակումներից հետո է ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածել։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը կարծում է, որ սահմանահատման դեպքերը պետք է տարբերակել՝ հաշվի առնելով դրանց հանգամանքներն ու քաղաքացիների անվտանգության համար հնարավոր ռիսկերը։
«Մի բան է, երբ ակնհայտ է, որ անձը մոլորվել է և արագ է հայտնաբերվել, ես կարծում եմ՝ այդտեղ առանձնապես օպերատիվ տեղեկություն տարածելու հիմք չկա, քանի որ հարցը լուծվում է արագ և առանց որևէ խնդիրների ու խոչընդոտների»,- ասաց Նավասարդյանը։
Նրա դիտարկմամբ՝ այլ էր դեպքը, երբ ադրբեջանցի զինված զինվորական Նասիմի Մուսաևն էր հատել սահմանը և այդ ժամանակ հանրությանը տեղեկացնելու ու զգուշացնելու խնդիր կար։ Միաժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածեր, եթե լրատվամիջոցները չհրապարակեին տեղեկությունը, Նավասարդյանը նշեց, որ քաղաքացուն Ադրբեջանին վերադարձնելուց հետո համապատասխան կառույցները, ամեն դեպքում, պարտավոր էին տեղեկացնել այդ մասին։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Յաշար Քասիմովը Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ է։ ՀՀ ԱԱԾ-ից չեն մեկնաբանում՝ արդյո՞ք նա արդեն վերադարձվել է Ադրբեջան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան