Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական կողմը հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, եթե Միացյալ Նահանգները շարունակի աջակցել նավերին՝ օգտագործելու Հորմուզի նեղուցով անցնող և Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղին։ ԻՀՊԿ Ռազմածովային ուժերի հայտարարությունում ընդգծվել է, որ սա լուրջ նախազգուշացում է ամերիկյան կողմին։
Իրանական «Tasnim» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ ապօրինի և ականապատված երթուղով անցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի համառ կոչերը հանգեցնում են նրան, որ ծովում միջադեպերի թիվն օրեցօր ավելանում է։ Ամերիկյան ագրեսորը պետք է հասկանա, որ եթե սա շարունակվի, հակամարտությունը կընդլայնվի և կտարածվի տարածաշրջանում տեղակայված նրանց ռազմաբազաների վրա։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ Պարսից ծոցում նավթի փոխադրմամբ զբաղվող չորս նավ ենթարկվել է հրետակոծության, իսկ ևս երեքը պայթել են ականների վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշտապես հիշեցնում է Օմանի ափամերձ հատվածով անցնող հարավային երթուղու օգտագործման վտանգների մասին՝ շեշտելով, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ իրենց ուժերի լիակատար վերահսկողության և մշտադիտարկման տակ։