Իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 %-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր ամփոփչ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614 -ով, այսինքն՝ 20.4 %-ով։
«ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 %-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից։
«Այստեղ մենք ոչ թե գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից»,- ասաց նախարարը։
Սարգսյանը հայտնեց, որ 2025 թվականին պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք՝ նախորդ տարվա 1866-ի դիմաց, ինչպես նաև առգրավվել է շուրջ 32 կգ թմրամիջոց։
Նախարարի խոսքով՝ ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ են իրականացվել նաև փոստային առաքանիների մասով, և պարտադիր է դարձել ստացողին առնչվող նշումը, ինչի արդյունքում՝ 30,1%-ով կրճատվել են այսպիսի ներմուծումների մասով դեպքերը: