Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին

Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը 2026 թվականին շնորհվել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)։ Որոշման մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, փոխանցում է DW-ն։

«Եվրոպական միությունը հիմնված է բազմակողմ միջազգային կարգի և միջազգային ինստիտուտների նկատմամբ հարգանքի վրա։ Այս մրցանակը ճանաչում է Դատարանի կարևոր աշխատանքը՝ ամբողջ աշխարհում միջազգային իրավունքի և արդարության պահպանման ապահովման գործում»,- ասել է նա։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգում։ Դրամական պարգևի չափը կազմում է 50,000 եվրո։ ՄՔԴ-ից բացի՝ 2026 թվականի մրցանակի եզրափակիչ փուլ անցածների թվում էին նաև Տանզանիայի ընդդիմության առաջնորդ Տունդու Լիսուն, որը գտնվում է կալանքի տակ, և մահապատժի դատապարտված երկու իրանցի կանայք՝ Թարանե և Ռոմինա Ռահիմի քույրերը, որոնք մասնակցել են երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի և դրա աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև կարգադրել էր արգելափակել նրանց ակտիվներն ու բանկային հաշիվները Միացյալ Նահանգներում։

Թրամփի վարչակազմը կտրուկ քննադատում է ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության միջազգային օրդեր տալու հանգամանքը, որը կապված է երկրի զինված ուժերի կողմից Գազայի հատվածում պատերազմի ընթացքում իրականացված գործողությունների հետ։

Միջազգային քրեական դատարանը գտնվում է Հաագայում։ Այն հիմնադրվել է 2002 թվականին և հետապնդում է այն անձանց, որոնք կասկածվում կամ մեղադրվում են ամենածանր հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Սախարովի անվան մրցանակը Եվրախորհրդարանը շնորհում է ամեն տարի՝ սկսած 1988 թվականից։ Մրցանակը տրվում է այն անհատներին և կազմակերպություններին, որոնք առանձնահատուկ ներդրում են ունենում մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի պահպանման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Անցյալ տարի մրցանակը ստացել էին Բելառուսից և Վրաստանից լրագրողներ։

Մրցանակն անվանակոչվել է խորհրդային ֆիզիկոս, այլախոհ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի պատվին։ Ամենահայտնի դափնեկիրների թվում են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, ինչպես նաև Վենեսուելայից Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment