Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր

Քաղաքականություն

22.10.2026 | 17:27

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների անցկացման վայր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Խոսքը Աբու Դաբիի մասին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն այդ հանդիպման համար ստորագրման ենթակա որևէ փաստաթուղթ է պատրաստում, Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Դուք իրադարձություններից առաջ եք ընկնում»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի բանակցությունների արդյունքները, հայտնել էր, որ պետության ղեկավարը նրան տեղեկացրել է ռուսական կողմի պատրաստակամության մասին՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում վերսկսել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունները։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երեք երկրների ներկայացուցիչների նման հանդիպումը՝ «տեխնիկական մակարդակով», պետք է անցկացվի հնարավորինս շուտ։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցություններում պատվիրակությունները, «ինչպես ինքն է հասկանում», կզբաղվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment