Մեսրոպ Մաշտոցն ի՞նչ մեղք ունի, որ երթևեկության կանոնների խախտման տուգանքները բարձրացնում են. 5 000-ոց տուգանքները կհասնեն 20 000 դրամի շեմին

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» թևավոր դարձած մտքի հեղինակ Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, հետևելով Մեսրոպ Մաշտոցի խորհրդին, իր կառավարման ութ տարիների ընթացքում կրթվելով՝ փոխվել է, դարձել իրավագիտակից և այլ կերպ է ընկալում պետության կառավարումը։

 

«Մենք պետք է չվախենանք մեր ստացած գիտելիքի հիման վրա փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա տգիտություն է։ Մենք պետք է տգիտությունից դուրս գանք»,- լրագրողներին ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գիտելիք ստանալուն զուգընթաց փոխվում են նաև ընկալումները։

 

Փաշինյանը նկատի ունի, որ ընդդիմադիր, հեղափոխական ու կառավարության ղեկավար Փաշինյանները տարբեր ընկալումների մարդիկ են, և եթե ժամանակին այս կամ այն երևույթի մասին ընդդիմադիր կամ հեղափոխական Փաշինյանը մի կարծիք ուներ, ապա հիմա՝ ստացած գիտելիքների ու փորձառության հիման վրա, այդ ընկալումները փոխվել են։

 

Օրինակ՝ եթե նախկինում այդքան գիտելիք և փորձառություն չունեցող Փաշինյանը կարծում էր, թե Արցախը Հայաստան է ու վերջ, ապա գիտելիք ու փորձառություն ձեռք բերելուց հետո նա Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Նույն կերպ, եթե ընդդիմադիր եղած ժամանակ նա օրվա իշխանություններին քննադատում էր արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելու համար ու ասում, թե նրանց համար քաղաքացին տուգանելու «մատերիալ» է, ապա այսօր վերջապես սկսել է հասկանալ նախկին իշխանություններին ու նրանց խստացումները։

 

Ավելին, հասկացել է, որ նախկինները դեռ մի բան էլ քիչ էին տուգանում իրենց քաղաքացիներին, և որ պետական բյուջեն լցնելու համար տուգանքները բավականին փողաբեր գործիք են՝ անկախ նրանից, թե դրանից արդյունքն այնքան էլ տեսանելի չէ։ Համենայն դեպս, մեզանում միայն տուգանքներ սահմանելով ու տուգանքների չափերը բարձրացնելով՝ ոչ վթարներն են զգալի նվազում, ոչ կարգազանցումներն ու երթևեկության կանոնների խախտումները, ոչ էլ խցանումներն են գոնե մեկ բալով պակասում։

 

Դրա ապացույցն է կարմիր գծերի գինը զգալի բարձրացնելուց հետո խցանումների մակարդակի պահպանումը։ Հիշենք նաև, թե ղեկին խմած նստելու համար վարորդական վկայականից զրկված քանի՞ վարորդ էր նախընտրական շրջանում բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրենց վարորդական վկայականը վերականգնելու համար պարզեցված կարգ սահմանի՝ պարզապես փողը տան ու վկայականը հետ վերցնեն։ Փաստացի նրանց գործող սահմանափակումներն ու տուգանքները հետ չէին կանգնեցրել նման արկածախնդրության գնալուց։ Ավելին, Փաշինյանի միջնորդությամբ ՆԳ նախարարի այսպես կոչված համաներումից հետո այդ վարորդները կարող են այդպես էլ դաս չքաղել պետության վերաբերմունքից, և խախտումները կարող են կրկնվել։

 

Այսինքն՝ միայն տուգանքների գործիքակազմը բավարար միջոց չէ նշված խնդիրների դեմ պայքարելու համար, ինչը ցույց է տվել նաև միջազգային փորձը։

Համալիր մոտեցումներ են անհրաժեշտ կառավարության մատնանշած խնդիրները լուծելու համար.

երթևեկության պայմանների պատշաճ ապահովում,

խցանումների նվազեցում գործուն միջոցներով ու երթևեկության ճիշտ կազմակերպմամբ,

փողոցների ծանրաբեռնվածության վերահսկողություն հատուկ ինքնակարգավորվող լուսացույցերի միջոցով,

վարորդական վկայականների տրամադրման խստացում՝ նաև հոգեկան առողջությամբ ու տվյալ անձի վարքագծով պայմանավորված։

 

Բայց քանի դեռ կառավարությունը թիրախը դարձրել է միայն քաղաքացիների գրպանը, ոլորտում առկա լրջագույն խնդիրները շարունակելու են օրակարգային մնալ ու բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ Միակ բանը, որ փոխվում է, մարդկանց գրպանի պարունակությունն է, քանի որ աճում են տուգանքների չափերը, բայց վարորդները շարունակում են նույն ձևով խախտումներ անել։ Պատճառն այն է, որ մայրաքաղաք Երևանում ասես դիտավորյալ երթևեկությունն այնպես է կազմակերպվում, որ, ինչպես վարորդներն են նշում, հնարավոր չէ գոնե մեկ անգամ խուսափել խախտում անելու «գայթակղությունից»։

Օրինակ՝ մեքենաների մեծ քանակի և ավտոկայանատեղիների բացակայության պայմաններում վարորդին այլ ելք չի մնում, քան մեքենան թեկուզ կարճ ժամանակով երթևեկելի հատվածի երկրորդ գծում կանգնեցնելը կամ կանգառում ակնթարթային կանգառ անելը։ Եվ օգտվելով այն առիթից, որ կարելի է խախտող վարորդների տուգանքների հաշվին պետական գանձարանը լցնել (որ հետո այտեղից իրենց բարձր աշխատավարձեր նշանակեն), կառավարությունը ներկայացրել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի նոր փաթեթը, որին այսօր կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել։

 

Նախագծով նվազագույն շեմին հասնող 5000 դրամանոց տուգանքների չափը մի քանի անգամ ավելացել է՝ հասնելով 20 000 դրամի շեմին։ Օրինակ՝ նախագիծը նախատեսում է. «Մուտքն արգելվում է», «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկության կարգավորում» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանք և 2 տուգանային միավոր, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելող գծանշման պահանջները չկատարելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանք և 1 տուգանային միավոր, երթևեկելի մասի երկրորդ կամ հաջորդ շարքերում տրանսպորտային միջոցը կայանելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանք և 1 տուգանային միավոր։

 

Նախագիծը նախատեսում է նաև խստացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի գոտում կանգնելու կամ կայանելու, ինչպես նաև երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու պատասխանատվությունը՝ հնգապատիկ տուգանքի փոխարեն սահմանելով քսանապատիկ տուգանք և 1 տուգանային միավոր։

 

Իհարկե, կարգուկանոնն ու օրենքի գերակայությունը շատ լավ է, եթե դրա կիրառման նպատակը իսկապես օրինական պետություն ու կարգապահ հասարակություն ձևավորելն է, այլ ոչ թե ինքնապատակ, զուտ քաղաքացիներին թալանելու նախաձեռնություն։ Վերջապես, ամեն մարդ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը պետության ու հանրության առաջ և հարգի օրենքները։

 

Բայց մեզանում հակասությունը նրանում է, որ շատ դեպքերում այդ օրենքները քաղաքացիների ու հանրության դեմ են օգտագործվում, հետևաբար դրանք հարգելը քաղաքացիների իրավունքների ոտնահարման հաշվին է արվում։ Եթե օրենքն առաջին հերթին չի ծառայում հենց հանրային իրավունքներին ու դրանով քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, այդ պետությունը դառնում է բռնատիրական, որտեղ ամեն օրենք ծառայեցվում է միմիայն իշխանավորների շահերին, իսկ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները հետին պլան են մղվում։

 

Եթե մեզանում օրենքները գրվում ու հաստատվում են այն բանի համար, որ բյուջեն լցնելու անհրաժեշտություն կա, և անկախ երկրում առկա սոցիալական լարվածությունից՝ մարդկանց եկամուտներին անհամարժեք տուգանքներ ու հարկեր են սահմանվում, այդ երկիրը չի կարող ժողովրդավարության ու սոցիալական պետություն լինելու դիրքերից ներկայանալ աշխարհին ու հավակնություններ ներկայացնել ինտեգրվելու քաղաքակրթական ավելի բարձր արժեքներ ունեցող Եվրոպային, ինչին էլ նախաձեռնել են հայաստանյան իշխանությունները։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment