Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում Օդեսայի նավահանգստի և էներգետիկ օբյեկտների վրա


Բանակցային գործընթացների ֆոնին Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվում են:


Ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, երեք մարդ գտնվում է ծանր վիճակում: Վնասվել են նավահանգստային և էներգետիկ ենթակառուցվածքները, խաթարվել են քաղաքային կարևորագույն ծառայությունները, բռնկվել են հրդեհներ։ 90-ից ավելի արտակարգ իրավիճակների աշխատակից օգնել է հրդեհները վերահսկողության տակ վերցնել, սակայն քաղաքի որոշ շրջաններում խափանվել են էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումները։


Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին ակտիվացրել է կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ չնայած ԱՄՆ-ի բանակցային ջանքերին։


Ռուսաստանի ՊՆ-ն էլ տեղեկացրել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 58 անօդաչու թռչող սարք: Թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Կուրսկի մարզերը: Բելգորոդի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով ավելի քան 220000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Leave a comment