Հասարակություն
22.10.2026 | 16:34
Կառավարությունը որոշել է երկարաձգել մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու ծրագրով սահմանված ժամկետները։ Փոփոխության արդյունքում շուրջ 20 շահառու, որոնք նախկինում չեն հասցրել ավարտել անհրաժեշտ գործընթացները կամ դիմել են սահմանված ժամկետից հետո, հնարավորություն կունենան օգտվելու ծրագրից։ Ըստ կառավարության՝ ծրագրի շրջանակում շուրջ 300 շահառուի համար հատկացվել է 1,9 մլրդ դրամ, սակայն նրանցից մի մասը դեռ չի իրացրել բնակարանի գնման վկայագիր ստանալու իր իրավունքը։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
«Կառավարության որոշմամբ կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտները և սաները կունենան հնարավորություն իրենց իրավունքն իրացնելու համար:
Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցառման շրջանակում շուրջ 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։
Առկա է նաև շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի (դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2022 թ. հուլիսի 1-ն էր) ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշմամբ սահմանված ժամկետների երկարացման միջոցով շուրջ 20 շահառուների հնարավորություն տալ իրենց իրավունքն իրացնելու համար»: