Իտալիայի չեմպիոն «Ինտերի» բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է իր գոլին ու Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցմանը:
«Կարևոր գոլ էր։ Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլային փոխանցում կատարեց, բայց Զելինսկին նույնպես շատ լավ գործեց գրոհը սկսելիս։ Պետք է շնորհավորեմ իմ թիմակիցներին։ Երբեք հեշտ չէ խաղալ 10 ֆուտբոլիստով:
Մենք ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել այս խաղում։ Մենք չէինք վախենում, բայց Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղ այսպիսին է։ Նրանք ունեն որակ, և դժվար էր միշտ վերահսկել խաղը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման էր մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում էր կատարել Կառլոս Աուգուստոյին (տեսանյութ):
Դավիթ Եղիազարյան