Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Միաթա Ֆանբուլեն հակված է մերժելու Հյուսիսային ծովում գտնվող խոշոր Rosebank նավթահանքավայրի շահագործման թույլտվությունը, հայտնում է The Guardian-ը։ Այսպիսի որոշումը կարող է լուրջ հարված հասցնել Հյուսիսային ծովի նավթագազային ոլորտին և մեծ հաղթանակ դառնալ կլիմայի պաշտպանների համար։
Միևնույն ժամանակ Ֆանբուլեն հավանություն է տվել ավելի փոքր՝ Jackdaw գազահանքավայրի շահագործմանը։
Այս որոշումը դժգոհություն է առաջացրել բնապահպան ակտիվիստների շրջանում։ Սակայն, նախարարի խոսքով, զուտ զրոյական արտանետումների հասնելու անցումային շրջանում Մեծ Բրիտանիային դեռևս գազ է անհրաժեշտ։ Ընդ որում՝ այն նախընտրելի է արդյունահանել Հյուսիսային ծովի հանքավայրերից, որտեղ ածխածնի արտանետումները համեմատաբար ցածր են, քան ներմուծել արտերկրից։
Աբերդին կատարած այցի ընթացքում Ֆանբուլեն հայտարարել է, որ Jackdaw հանքավայրի շահագործումը չի հակասի Մեծ Բրիտանիայի կլիմայական պարտավորություններին։ Հանքավայրում գազի արդյունահանումը պետք է սկսվի առաջիկա շաբաթներին, իսկ նախագծի հետ կապված արտանետումները գնահատվում են 36 մլն տոննա ածխածին։
Ֆանբուլեն խոստացել է Հյուսիսային ծովում նավթի և գազի արդյունահանումից ստացվելիք ապագա եկամուտներն ուղղել մաքուր էներգետիկայի զարգացմանը՝ Էներգետիկ բարեկեցության նոր հիմնադրամի միջոցով։ Նրա խոսքով՝ հիմնադրամի համար բյուջեով նախատեսվելու է 2 մլրդ ֆունտ ստեռլինգ, ընդ որում՝ միջոցների մի մասը կվերաբաշխվի իր ղեկավարած գերատեսչության ծախսային այլ հոդվածներից։
Սակայն նախարարը չի կարողացել հստակեցնել, թե հարկային որ մուտքերն են ուղղվելու նոր հիմնադրամին և որքան գումար այն կկարողանա ստանալ։
Բացի այդ, Ֆանբուլեն ընդունել է, որ գազահանքավայրի շահագործումը չի օգնի կառավարությանը հասնել էներգետիկ ոլորտի հիմնական նպատակներից մեկին՝ բնակչության էներգամատակարարման ծախսերի նվազեցմանը։