Meta ընկերությունն անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործով ենթարկվել է իր պատմության մեջ ամենախոշոր տուգանքին։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատավորը ընկերությանը պարտավորեցրել է վճարել 25 միլիարդ դոլար։
Meta-ին պատկանում են Facebook, Instagram սոցցանցերը․ WhatsApp հաղորդագրությունների հավելվածը և այլ հարթակներ
Տուգանքի որոշումը կայացվել է Սանտա Ֆեի շրջանային դատարանում այս տարվա սկզբին տեղի ունեցած երկշաբաթյա քաղաքացիական դատավարությունից հետո։ Երդվյալ ատենակալների մեծամասնությունը եզրակացրել է, որ Meta-ն (նախկինում՝ Facebook) երկար տարիների ընթացքում մոլորեցրել է իր օգտատերերին (հիմնականում Facebook-ի օգտատերերին)՝ կապված նրանց անձնական տվյալների մշակման հետ։
«Սուտը վերաբերում էր ոչ միայն օգտատերերի տվյալների հետ աշխատելու Facebook-ի մեթոդներին»,- նշել է դատավորը՝ հավելելով, որ այն առընչվում է նաև «Facebook-ի բիզնեսգործունեության հիմքերին»։
Սա Meta-ի նկատմամբ երբևէ կիրառված ամենախոշոր տուգանքն է։ Այս տարի ընկերությունն արդեն իսկ ենթարկվել է այլ տուգանքների կամ հասել է փոխհամաձայնությունների մի շարք այլ դատական գործերով։ Մասնավորապես, այն 18 միլիարդ դոլարի համաձայնագիր է կնքել ԱՄՆ նահանգների և տարածքների կոալիցիայի հետ (Կալիֆոռնիայի գլխավորությամբ)՝ կապված երեխաների անվտանգության հարցերի հետ։
Դատական գործընթացները կապված են Meta-ի (այն ժամանակ՝ Facebook) դերի հետ, որը նա խաղացել է «Cambridge Analytica» ընկերության շուրջ ծագած սկանդալում։ Այդ ընկերությունը, որն այժմ դադարեցրել է գործունեությունը, օգտագործել է Facebook-ի օգտատերերի տվյալները քաղաքական խորհրդատվական ծառայությունների համար, այդ թվում՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված նախագծերում, որոնց արդյունքում Դոնալդ Թրամփն առաջին անգամ հաղթանակ էր տարել։ Նյու Մեքսիկոյի իշխանությունները հայց էին ներկայացրել ընկերության դեմ՝ հղում կատարելով Meta-ի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններին, որոնք տարիներ շարունակ պնդել էին, թե օգտատերերի տվյալները երբեք չեն վաճառվել կամ փոխանցվել երրորդ կողմերին, մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել։
Դատավոր Ֆրենսիս Մեթյուի կողմից նշանակված տուգանքը մոտավորապես հավասար է Meta-ի եռամսյակային շահույթին։
Ըստ դատավորի՝ ընկերության կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաև Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման և դրանց՝ այլ կողմերին բացահայտման վերաբերյալ արված կեղծ հայտարարությունները, եղել են «միտումնավոր» և շարունակվել են «ավելի քան 11 տարի»՝ 2010-ից մինչև 2021 թվականը։