Քաղաքականություն
22.10.2026 | 14:30
ՀՀ սահմանապահները գործել են կանոնակարգված, իսկ սահմանը մոլորվելու հետևանքով հատած անձանց վրա կրակ բացելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Տավուշի մարզի Բերդի հատվածում Ադրբեջանի քաղաքացու կողմից սահմանը հատելու և նրան վերադարձնելու վերաբերյալ հարցին։
Արձագանքելով քննադատություններին՝ Փաշինյանը նշեց․«Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են Ազգային անվտանգության ծառայության մարմիններին։ Տեսնում էին՝ մարդ է գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն։ Ի՞նչն է պրոբլեմը։ Տեսել են՝ մարդ է, քայլելով գալիս է, ձերբակալել են ու հանձնել ԱԱԾ-ին։ Հանրապետության հրապարակի՞ց են ձերբակալել»։
Վարչապետի խոսքով՝ աշխարհում գոյություն չունի որևէ սահման կամ շփման գիծ, որը միայնակ հետիոտնը ֆիզիկապես չկարողանա հատել, և հարցադրում արեց, թե ինչու որևէ մեկը չի բարձրաձայնում, թե ինչպես է այդ անձը հատել հենց ադրբեջանական կողմի պահպանվող սահմանը։
«Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից մինչև հիմա չկա այնպիսի սահման, շփման գիծ կամ ռազմաճակատ, որը մեկ մարդը չկարողանա անցնել։ Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ բա Ադրբեջանի կողմից ինչպե՞ս է անցել, այնտեղ սահմանապահներ չկա՞ն կանգնած»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ նման յուրաքանչյուր դեպքով իրականացվում են ծառայողական քննություններ և արվում են համապատասխան հետևություններ, սակայն այստեղ համակարգային կամ «գլոբալ» անվտանգային հետևություններ անելու հիմքեր չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան