Հոկտեմբերի 15-ին Իտալիայի Կովերչիանո քաղաքում՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, կայացել է Unity EURO Cup-ի հինգերորդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել է ռեկորդային՝ 22 թիմ։
Հայաստանի փախստականների հավաքականը նույնպես մասնակցել է մրցաշարին։ Լիգայի փուլում Մարիամ Ստեփանյանի թիմը 0։3 հաշվով պարտվել է Մալթայի հավաքականին, 1։1 հաշվով ավարտել հանդիպումն Իտալիայի հետ, ապա 3 անպատասխան գնդակ ուղարկել Չեխիայի դարպասը։ Արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է լավագույն 12 թիմերի շարքում և դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ 1։2 հաշվով պարտվել է Հունաստանի հավաքականին և ավարտել ելույթը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանը Unity EURO Cup-ին մասնակցում է 2023 թվականից, նախորդ տարի գրավել էր երկրորդ տեղը։ Եզրափակիչում Հայաստանի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Ֆինլանդիային։
ՈՒԵՖԱ և ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործակցությամբ անցկացվող մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել սոցիալական ներառականությունը՝ միավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներին։