Ֆրանսիայում արձանագրվել է մարդու՝ «Շամոնդա» վիրուսով վարակվելու առաջին դեպքը, հայտնել են երկրի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները։
«Իմունային համակարգի ծանր անբավարարությամբ տառապող մի պացիենտ, ով Լիոնի հիվանդանոցներից մեկում բուժվում էր լուրջ հիվանդության կապակցությամբ, վարակվել է «Շամոնդա» վիրուսով։ Պացիենտը մահացել է հոկտեմբերի սկզբին», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Ընթանում են կլինիկական, կենսաբանական և համաճարակաբանական հետազոտություններ։
Նախկինում համարվում էր, որ «Շամոնդա» վիրուսը չի կարող փոխանցվել մարդկանց։ Չնայած այս բացահայտմանը՝ Ֆրանսիայի իշխանությունները շեշտել են, որ վիրուսը հանրային առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում։
«Շամոնդա» վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Նիգերիայում՝ 1960-ականների կեսերին։ Այն փոխանցվում է կծող մլակների (Ceratopogonidae ընտանիքի միջատներ) խայթոցների միջոցով և հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր անասուններին։ Վարակված կենդանիների մոտ այն առաջացնում է բարձր ջերմություն, լուծ, ախորժակի կորուստ և կաթնատվության կտրուկ նվազում, իսկ հղի կովերի մոտ կարող է հանգեցնել վիժման։ 2006 թվականին վիրուսը սկսել է տարածվել գյուղատնտեսական կենդանիների շրջանում եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում։