Գտնվել է Նիկի Լաուդայի Mercedes-Benz-ը․ ավտոմեքենան վաճառվել է աճուրդում

Ավստրիացի ավտոբլոգեր OG Schaefchen-ը աճուրդում ձեռք է բերել Mercedes-Benz C 230 Kompressor T-Modell թափքով ավտոմեքենան, որը նախկինում պատկանել է Ֆորմուլա-1-ի աշխարհի եռակի չեմպիոն Նիկի Լաուդային։ 1999 թվականին արտադրված ավտոմեքենայի համար նա վճարել է 5.6 հազար եվրո։

Ունիվերսալը հայտնաբերվել է Ստորին Ավստրիայի մարզում գտնվող ֆերմայի գոմում։ Փաստաթղթերի համաձայն՝ Mercedes-ի ավստրիական ներմուծող Pappas ընկերությունը մեքենան անմիջապես գործարանից ձեռք է բերել հատուկ Լաուդայի համար։ Մրցարշավորդն ավտոմեքենան իր անունով գրանցել է 1999 թվականի սեպտեմբերի 23-ին և օգտագործել շուրջ երկու տարի՝ մինչև 2001 թվականը, որից հետո վաճառել է այն։ Հետագայում ավտոմեքենան ունեցել է ևս երեք սեփականատեր։

Շահագործման 27 տարվա ընթացքում Mercedes-ն անցել է շուրջ 260 հազար կիլոմետր։ Այնուհետև ունիվերսալը երկար ժամանակ մոռացության է մատնվել․ այն հայտնվել է Ստորին Ավստրիայի ֆերմաներից մեկում, որտեղ տարիներ շարունակ կանգնած է եղել գոմում։ Երկարատև անխնամ վիճակի և այդ տարիների թափքերի առանձնահատկությունների պատճառով մեքենայի վրա կոռոզիայի հետքեր են առաջացել։

Սրահը նույնպես զգալիորեն մաշված է․ նստատեղերի բաց գույնի կաշվե պաստառապատումը կորցրել է իր նախնական տեսքը, իսկ ղեկը մաշվել է։ Այնուամենայնիվ, աճուրդի կազմակերպիչների տվյալներով՝ ավտոմեքենան դեռևս ընթացքի մեջ է։

Mercedes-Benz C 230-ը համալրված է 2.3-լիտրանոց բենզինային շարժիչով՝ մեխանիկական գերլիցքավորիչով, որն ունի 193 ձիաուժ հզորություն և 280 Նմ պտտող մոմենտ։ Շարժիչը զուգակցված է հնգաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։

2019 թվականին մահացած Նիկի Լաուդան Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն է դարձել երեք անգամ՝ 1975, 1977 և 1984 թվականներին։ Mercedes-ի նոր սեփականատերը հայտնի է դրիֆթին և ավտոմեքենաների կատարելագործմանը նվիրված տեսանյութերով։ Նրա խոսքով՝ նախևառաջ մտադիր է կարգի բերել մեքենան, սակայն վերականգնման կոնկրետ ծրագրերը դեռևս չեն բացահայտվում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment