Samsung-ը և SK Hynix-ը արդիականացնում են Չինաստանում իրենց գործարանները՝ NAND չիպերի արտադրությունը զարգացնելու համար

Samsung Electronics-ը և SK Hynix-ը արդիականացնում են Չինաստանում գտնվող իրենց գործարանները՝ հիշողության ավելի ժամանակակից չիպերի արտադրություն կազմակերպելու նպատակով։ Այս մասին Reuters-ին հայտնել են ընկերությունների ծրագրերին ծանոթ չորս աղբյուրներ։ Գործակալության նշմամբ՝ այս կերպ արտադրողները հույս ունեն ամրապնդել իրենց դիրքերը արագ զարգացող չինական մրցակիցների դեմ պայքարում և բավարարել արհեստական բանականության զարգացման հետ կապված չիպերի աճող պահանջարկը։

Samsung-ը Reuters-ին հաստատել է, որ արդիականացման աշխատանքներն արդեն իրականացվում են ԱՄՆ իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։ SK Hynix-ը գործակալությանը հայտնել է, որ նոր սարքավորումներ է տեղադրում Չինաստանի հյուսիսարևելյան Դալյան քաղաքում գտնվող իր գործարանում՝ իր գործողությունները համաձայնեցնելով ԱՄՆ կառավարության հետ։ Ընկերություններից ոչ մեկը չի բացահայտել արտադրության արդիականացման ծրագրերի մանրամասները, որոնց մասին առաջինը հայտնել էր Reuters-ը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ երկու ընկերություններն էլ մտադիր են Չինաստանում կազմակերպել ավելի քան 200 շերտից բաղկացած NAND ֆլեշ հիշողության չիպերի արտադրություն։ Հոդվածում նշվում է, որ ներկայումս Չինաստանում գտնվող նրանց գործարանների արտադրանքը տեխնոլոգիական մակարդակով զիջում է Հարավային Կորեայում արտադրվող չիպերին։

NAND-ը էներգիայից անկախ հիշողության տեսակ է, որը պահպանում է տվյալները նույնիսկ էլեկտրասնուցման անջատման դեպքում։ Նման չիպերը լայնորեն օգտագործվում են սմարթֆոններում, անհատական համակարգիչներում և պինդ վիճակի կուտակիչներում, այդ թվում՝ արհեստական բանականության համակարգերի աշխատանքն ապահովող տվյալների մշակման կենտրոններում։ Որքան շատ են չիպի շերտերը, այնքան մեծ է տվյալների պահպանման խտությունը և այնքան ցածր է տեղեկատվության մեկ միավորի պահպանման ինքնարժեքը։

Հոդվածում նշվում է, որ Չինաստանից դուրս Samsung-ն արդեն արտադրում է 286 շերտից բաղկացած NAND չիպեր, իսկ օգոստոսին ներկայացրել է ավելի քան 400 շերտ ունեցող չիպի նախատիպը։ SK Hynix-ն արտադրում է 321 շերտից բաղկացած NAND չիպեր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment