Քաղաքականություն
22.10.2026 | 12:21
Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, գրում է Meduza-ն։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ Դնեպրովսկի շրջանում վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ, հրդեհներ են բռնկվել բնակելի և ոչ բնակելի շենքերում։ Մեկ մարդ զոհվել է, ևս հինգը, այդ թվում՝ երեխա, տուժել են։ Դարնիցկի շրջանում վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածքը։
Օբոլոնսկի շրջանում տուժել է երկու մարդ, Պեչերսկի շրջանում՝ ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, իսկ Գոլոսիևսկի շրջանում՝ վեց մարդ։ Վնասվել են ոչ բնակելի շենքեր, շտապօգնության մեքենաներ և վանք։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել է Հարավային կամրջի վրա գտնվող մետրոպոլիտենի ենթակառուցվածքի մի հատվածը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Կիևում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք «ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահեստավորման գործընթացում»։
Ուկրաինայի մայրաքաղաքում հարվածներ են հասցվել նաև «տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին», իսկ Օդեսայի մարզում՝ «նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող ծովային նավերին»։
Հավելենք, որ Ռուսաստանն ամեն օր տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցնում Կիևին։ Հոկտեմբերի 22-ի հերթական հարվածը հասցվել է Սանկտ Պետերբուրգ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի այցից և Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց։ Կողմերի բանակցությունների ընթացքում քննարկվել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման հարցը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի