Պուտինը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունները նոյեմբերին

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Բանակցությունների ավարտից հետո Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նոյեմբերի սկզբին վերադառնալ Կիևի հետ եռակողմ բանակցություններին՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Հանդիպման մեկնարկին Ուիթքոֆը հայտնել է, որ Ռուսաստանն ազատ է արձակել 74-ամյա ամերիկացի Սթիվեն Հաբարդին, որը դատապարտվել էր Ուկրաինայի կողմից պատերազմական գործողություններին մասնակցելու մեղադրանքով։

Երեք ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում առարկայական քննարկման թեմա է դարձել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հնարավոր վերականգնումը, հայտնում է BBC-ն:

«Նախագահը Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք նոյեմբերի տասնական օրերին վերսկսել նշված եռակողմ բանակցությունները գլխավոր թեմայի շուրջ։ Այդ թեման վերաբերում է հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի ձևավորմանը»,– հայտարարել է Ուշակովը։

Նրա փոխանցմամբ՝ ամերիկացի հատուկ բանագնացը դրական է արձագանքել առաջարկին՝ նշելով, որ «նման որոշումն անկասկած նախագահ Թրամփի կողմից կընդունվի մեծ գոհունակությամբ»։

Ուշակովը որպես հնարավոր հանդիպման վայր նշել է Աբու Դաբին՝ հավելելով, որ պատվիրակությունների կազմը դեռևս հաստատված չէ։

2026 թվականի հունվարին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում արդեն կազմակերպվել էին Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների եռակողմ բանակցություններ։

Ավելի ուշ առաջարկին անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լրագրողներին ուղարկված ձայնային հաղորդագրությամբ նա հայտնել է, որ Կիևը նույնպես աջակցում է բանակցությունների կազմակերպմանը։

«Մենք արձագանք ենք ստացել, որ, ինչպես հասկացել ենք ճեպազրույցից, Ռուսաստանն աջակցում է մեր թիմերի մակարդակով եռակողմ հանդիպմանը։ Ամերիկյան կողմն առաջարկում է այն անցկացնել հնարավորինս շուտ։ Մենք աջակցում ենք դրան»,– հայտարարել է Զելենսկին։

Սանկտ Պետերբուրգի հանդիպումից քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր նաև երեք երկրների ղեկավարների հնարավոր հանդիպմանը։ Նման բանակցությունների անհրաժեշտության մասին նախորդ օրը Օսլոյում խոսել է նաև Զելենսկին։ Սակայն Ուշակովը չի հստակեցրել՝ արդյոք Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև առաջնորդների մակարդակով բանակցությունների հարցը։

Ռուսաստանի նախագահի օգնականը չի ներկայացրել այն առաջարկների մանրամասները, որոնք Ուիթքոֆը Մոսկվա է բերել Օսլոյում անցկացված բանակցություններից հետո։ Նա միայն նշել է, որ դրանցում եղել են «որոշ նոր տարրեր», սակայն կարգավորման տեսանկյունից «դրանցում օգտակարն այնքան էլ շատ չի եղել»։

Սանկտ Պետերբուրգից Ուիթքոֆը մեկնել է Օսլո՝ սկզբում հրապարակային մեկնաբանություն չտալով ռուսական կողմի հետ բանակցությունների վերաբերյալ։ Երեկոյան, սակայն, նա X սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ հանդիպումը բնութագրելով որպես կառուցողական։

«Աշխատանքը կշարունակվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցությունների ձևաչափով»,– հայտնել է ամերիկացի ներկայացուցիչը։

Կիևը Կրեմլի՝ բանակցությունները վերսկսելու առաջարկի վերաբերյալ առանձին պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածել։ Միևնույն ժամանակ սեպտեմբերի վերջին Զելենսկին հայտնել էր, որ Վաշինգտոնն առաջարկում է վերադառնալ եռակողմ ձևաչափին և գործընթացը սկսել Աբու Դաբիում տեխնիկական հանդիպմամբ։ Այդ ժամանակ հնարավոր ժամկետներ չէին նշվել։

Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններն անցկացվել են Սանկտ Պետերբուրգի մերձակայքում՝ Ստրելնա ավանում գտնվող Կոնստանտինովյան պալատում, փակ դռների հետևում։

Հանդիպմանը մասնակցել է նաև օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ նրա փեսա Ջարեդ Քուշները, հիվանդության պատճառով չի կարողացել մեկնել ո՛չ Սանկտ Պետերբուրգ, ո՛չ Օսլո։ Նախորդ օրը նա տեսակապով մասնակցել է Ուիթքոֆի և Զելենսկու հանդիպմանը։ Ուշակովի տեղեկացմամբ՝ նույն ձևաչափով Քուշները միացել է նաև Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններին։

Վերջին երկու տարիներին Ուիթքոֆն ու Քուշները բազմիցս այցելել են Ռուսաստան։ Նրանց վերջին այցը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, որից հետո նրանք առաջին անգամ այցելել են նաև Կիև։ Այդուհանդերձ, բազմաթիվ հանդիպումներն ու դիվանագիտական քննարկումները դեռևս շոշափելի առաջընթաց չեն ապահովել։

Կարգավորման հիմնական խոչընդոտներից շարունակում է մնալ տարածքային հարցը։ Մոսկվան պահանջում է, որ ուկրաինական զինված ուժերը դուրս բերվեն Դոնբասի ամբողջ տարածքից, ներառյալ այն շրջաններից, որոնք ռուսական բանակին չի հաջողվել գրավել։

Կիևը մերժում է այդ պահանջը՝ միաժամանակ պնդելով, որ վերջին ամիսներին ուկրաինական զորքերը կարողացել են Ռուսաստանի վերահսկողության տակ հայտնված որոշ տարածքներ վերադարձնել իրենց վերահսկողության ներքո։

Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպման սկզբում Ուիթքոֆը հայտարարել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում պաշտոնապես ճանաչել էր, որ նա անօրինական կերպով է պահվում կալանքի տակ։ Պուտինը հայտնել է, որ Հաբարդն արդեն գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։

Կրեմլի հրապարակած սղագրության համաձայն՝ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին մարդասիրական հարցին արձագանքելու համար։

«Դուք շատ հաճախ ասում եք, որ իմ նախագահը՝ նախագահ Թրամփը, մարդ է, որն իսկապես առաջ է մղում մարդասիրական նկատառումները։ Ես կցանկանայի ասել, որ դուք նույնպես այդպիսի մարդ եք, որը բարեհաճորեն է դիտարկել այս հարցը։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ»,– ասել է Ուիթքոֆը։

Դոնալդ Թրամփը Հաբարդի ազատ արձակումը որակել է «աննախադեպ»։

Truth Social սոցիալական հարթակում նա գրել է, որ ամերիկացին արդեն վերադառնում է հայրենիք և շուտով կմիանա ընտանիքին։

«Սթիվենն արդեն տուն վերադառնալու ճանապարհին է և շուտով կմիանա իր ընտանիքին։ Նախագահ Թրամփի նկատմամբ հարգանքի նշանով Միացյալ Նահանգներից փոխարենը ոչինչ չի պահանջվել. Ռուսաստանի համար սա աննախադեպ դեպք է։ Այս ազատ արձակման համար որևէ «փոխանակում» անհրաժեշտ չի եղել»,– գրել է նա։

Նախորդ օրը Թրամփը լրագրողներին տեղեկացրել էր, որ Պուտինի հետ քննարկել է 74-ամյա Հաբարդի ճակատագիրը՝ ակնարկելով նրա հնարավոր մոտալուտ ազատ արձակման մասին։

«Պարզապես հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց Հաբարդի գործը վաղուց է շարունակվում՝ դեռ իմ իշխանության գալուց շատ առաջ։ Մի քանի օրից հիշեք այս հարցը, լա՞վ։ Չէ՞ որ ես անում եմ այն, ինչ ուրիշ ոչ ոք չի կարող անել»,– հայտարարել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։

Միչիգան նահանգում ծնված Հաբարդը տասնամյակներ շարունակ ապրել է արտերկրում և զբաղվել անգլերենի դասավանդմամբ։

2014 թվականին նա տեղափոխվել է Ուկրաինայի Իզյում քաղաք, որը 2022 թվականին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, հայտնվել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Ռուսական քննչական մարմինների վարկածով՝ Հաբարդը պայմանագիր է կնքել տարածքային պաշտպանության տեղական գումարտակի հետ, որի համաձայն պետք է ամսական ստանար մոտ հազար դոլար։

Մեղադրող կողմը պնդել է, որ ամերիկացին մասնակցել է ռազմական գործողություններին մինչև 2022 թվականի ապրիլը, երբ նրան ձերբակալել են ռուս զինծառայողները։

Հաբարդի քույրը՝ Պատրիսիա Հաբարդ Ֆոքսը, հերքել է եղբոր նկատմամբ առաջադրված մեղադրանքները։

2024 թվականի աշնանը Մոսկվայի քաղաքային դատարանը Հաբարդին մեղավոր է ճանաչել զինված հակամարտությանը որպես վարձկան մասնակցելու համար և դատապարտել վեց տարի տասը ամիս ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։

Հաբարդը վերջին ամիսներին ռուսական բանտերից ազատ արձակված առաջին ամերիկացին չէ։ Օգոստոսին Ռուսաստանը մարդասիրական նկատառումներով ազատ է արձակել ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող Ռոբերտ Գիլմանին, որի առողջական վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել։

Նրան Միացյալ Նահանգներ են տեղափոխել հատուկ բժշկական ինքնաթիռով։ Գիլմանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը պնդել է, որ ռուսական բանտում նա ենթարկվել է խոշտանգումների։

Գիլմանի ազատ արձակումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այդ քայլը «կհանգեցնի Ռուսաստանում անարդարացիորեն պահվող ամերիկացիների ազատ արձակմանը»։

Ռուսական բանտերում, սակայն, շարունակում են մնալ ԱՄՆ այլ քաղաքացիներ։

Նրանց թվում են Անդրե Խաչատուրյանը, որը զենքի ապօրինի շրջանառության գործով դատապարտվել է ութուկես տարվա ազատազրկման, Ալեքսանդր Անտոնովը, որը ահաբեկչության և ծայրահեղականության դրդելու մեղադրանքով ստացել է վեց տարվա ազատազրկման պատիժ, ինչպես նաև Օլգա Ջեզլերը, որը թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։

Սանկտ Պետերբուրգ Ուիթքոֆը ժամանել է Նորվեգիայում անցկացված հանդիպումների հաջորդ օրը։ Նա Օսլոյում կայացած բանակցությունները բնութագրել է որպես «շատ արդյունավետ և կառուցողական»։

Ամերիկացի բանագնացի խոսքով՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարները, ուկրաինական կողմը ներկայացրել է նոր գաղափարներ և առաջարկներ։ Բանակցությունների մասնակիցներին հաջողվել է հասնել «զգալի առաջընթացի»՝ Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցում համաձայնեցված մոտեցում մշակելու ուղղությամբ։

Reuters գործակալության աղբյուրը հայտնել է, որ Օսլոյում քննարկվել են «համապարփակ խաղաղության կառուցվածքի առանցքային տարրերը»։

Դրանց թվում են եղել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, պատերազմի ավարտից հետո երկրի տնտեսական վերականգնման ծրագիրը և եվրոպական անվտանգության ավելի լայն համակարգի ձևավորումը։

Զելենսկու այցը Նորվեգիա տեղի է ունեցել Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում։ Ուկրաինական կողմը դժգոհություն է հայտնել այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները ձգձգում է կենսական նշանակություն ունեցող ռազմական օգնության մատակարարումներն ու հետախուզական տվյալների տրամադրումը։

Օսլոյում կայացած հանդիպումից և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Զելենսկին տեղեկացրել է, որ Ուկրաինան կրկին սկսել է նախնական զգուշացումներ ստանալ ռուսական հրթիռային հարվածների մասին։

«Այժմ դա աշխատում է, և դա հրաշալի է»,– ասել է նա։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուբիոյի հետ քննարկել է նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռ-որսիչների մատակարարումները և Starlink արբանյակային կապի համակարգի աշխատանքը։

Զելենսկու փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են նաև անվտանգության այնպիսի երաշխիքների տրամադրմանը, որոնք կլինեն «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք»։

Նշված հոդվածով դաշինքի անդամներից մեկի դեմ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր դաշնակիցների դեմ։

«Ես շնորհակալ եմ ամերիկյան կողմին, որ նրանք կրկին ընդգծել են՝ այդ երաշխիքները հուսալի կլինեն»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին վերահաստատել է, որ Կիևը հույս ունի պատերազմի ավարտի հետ կապված առանցքային հարցերը քննարկել Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ հանդիպման ընթացքում։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Օսլոյի բանակցությունները գնահատել է որպես հաջող և կառուցողական։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն իր հերթին նշել է. «Կարծում եմ՝ խաղաղության գործընթացը կրկին ճիշտ ուղու վրա է»։

Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները սկսել են կտրուկ վատթարանալ հոկտեմբերի սկզբին, երբ Թրամփը Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում վերացրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահն իր որոշումը հիմնավորել է վառելիքի բարձր գները նվազեցնելու անհրաժեշտությամբ։

Գների աճը դժգոհություն է առաջացրել ամերիկացի ընտրողների շրջանում՝ հատկապես նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Անցած հանգստյան օրերին Թրամփը նաև հետաձգել է սենատոր Լինդսի Գրեհեմի օրենքով նախատեսված՝ Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը։

Ամերիկյան առաջնորդը դա բացատրել է «Ռուսաստանին բանակցությունների սեղանից չհեռացնելու» ցանկությամբ։

Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփը կվերանայի իր որոշումները՝ դրանք գնահատելով որպես սխալ։

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը զգուշացրել էր Վաշինգտոնի՝ Մոսկվայի դիրքորոշմանը միանալու հնարավոր հետևանքների մասին։

«Եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես կանգնի Ռուսաստանի կողմը, եթե այս երկու երկրները միասին գործեն, ապա, իհարկե, մենք չենք հաղթի և չենք կարողանա դիմակայել»,– հայտարարել է Զելենսկին։

Վաշինգտոնը հերքել է այն պնդումները, թե միտումնավոր խոչընդոտում է Ուկրաինայի ռազմական ջանքերին։ Այդուհանդերձ, Թրամփը բազմիցս քննադատել է Զելենսկուն և հանդես եկել նրան փոխարինելու կոչերով։

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը Ուկրաինային հորդորել է հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքել՝ նշելով, որ Մոսկվան նույնպես շահագրգռված է նման պայմանավորվածությամբ։ Թրամփը նաև ենթադրել է, որ Ռուսաստանը մարտական գործողություններում առավելություն ունի, քանի որ «Ռուսաստանը հսկայական մեքենա է»։

Թրամփի նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները գրեթե ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինային սպառազինության ուղղակի մատակարարումները։ Միաժամանակ Վաշինգտոնը եվրոպական երկրներին հնարավորություն է տվել ամերիկյան զենք ձեռք բերել Կիևի համար՝ Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ անվանումով հայտնի PURL ծրագրի շրջանակում։

Բացի այդ, ԱՄՆ-ն շարունակում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկություններ և տեխնոլոգիաներ, որոնց Եվրոպան չի տիրապետում։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ PURL ծրագրով սպառազինության մատակարարումների մեծ մասը շարունակվում է։

Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի հաստատել Ուկրաինայի վերջին հայտերը, որոնք վերաբերում են Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռ-որսիչների տրամադրմանը։

Մարկո Ռուբիոն ընդունել է, որ եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի համար գնված հրթիռ-որսիչների խմբաքանակը հնարավոր է դեռ չի հասել հասցեատիրոջը։ Միևնույն ժամանակ նա հերքել է այն ենթադրությունները, թե Միացյալ Նահանգները փոխել է Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը։

«Ուկրաինային վնաս հասցնելու որևէ միտումնավոր քաղաքական հրահանգ չի եղել»,– հայտարարել է Ռուբիոն Հնդկաստան կատարած այցի ընթացքում։

Իլոն Մասկն իր հերթին հայտնել է, որ Starlink արբանյակային կապի համակարգի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։ Նրա խոսքով՝ համակարգի օգտագործման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Դոնալդ Թրամփից։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և իրավիճակին ծանոթ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Մասկը հրահանգել է դանդաղեցնել համակարգի աշխատանքը։ Պարբերականի տեղեկություններով՝ այդ որոշումը կայացվել է Թրամփի և նրա վարչակազմի այլ ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո։

Leave a comment