Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հավելելով, որ կան նաև մարտահրավերներ։
«Երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում կաշխատենք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Փաշինյանը նշել է, թե Հայաստանի ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու երկրի տնտեսական դինամիկան ապահովելուն։
Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ներմուծվող բնական գազի գինը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ ներկայիս 177․5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։