Mattel-ը թողարկել է Սելին Դիոնի Բարբի տիկնիկը՝ «Օսկար 1998»-ի հայտնի կերպարով

Mattel ընկերությունը հայտարարել է կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնի կերպարով Բարբի տիկնիկի թողարկման մասին։ Ինչպես հաղորդում է PEOPLE պարբերականը, Barbie Signature շարքի նոր տիկնիկը կրկնօրինակում է արտիստի անմոռանալի կերպարը 1998 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունից։

Տիկնիկը կրում է մուգ կապույտ երկար զգեստ՝ ոգեշնչված այն հանդերձանքով, որով Դիոնը կատարել է «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեք դարձած «My Heart Will Go On» հիթը։ Կերպարն ամբողջացնում է սրտաձև կապույտ կախազարդը, որը հիշեցնում է ֆիլմի հայտնի «Օվկիանոսի սիրտը» վզնոցը։ Հիշեցնենք, որ այդ երեկո ստեղծագործությունն արժանացել էր «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։

Անդրադառնալով նորությանը՝ Սելին Դիոնն ընդգծել է, որ իր կարիերայի առանցքային պահերից մեկին նվիրված տիկնիկ ունենալն իր համար մեծ պատիվ է։ Երգչուհին հույս է հայտնել, որ այն կոգեշնչի մարդկանց վստահորեն արտահայտել սեփական անհատականությունն ու հետևել երազանքներին։ Հավելենք, որ տիկնիկն արդեն հասանելի է Mattel Creations առցանց հարթակում՝ 60 դոլար արժեքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment