Meta-ն ռեկորդային տուգանք է ստացել

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը Meta ընկերությանը պարտավորեցրել է վճարել 25 միլիարդ դոլար տուգանք՝ անձնական տվյալների պաշտպանության գործով

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը Meta ընկերությանը պարտավորեցրել է վճարել 25 միլիարդ դոլար տուգանք՝ անձնական տվյալների պաշտպանության գործով։ Սա ընկերության պատմության մեջ նշանակված ամենախոշոր տուգանքն է։ Հիշեցնենք, այս ընկերությանն են պատկանում Facebook և Instagram սոցիալական ցանցերն ու WhatsApp մեսենջերը։

Որոշումն ընդունվել է Սանտա Ֆե քաղաքի շրջանային դատարանում այս տարվա սկզբին կայացած երկշաբաթյա դատավարության արդյունքներով։ Երդվյալ ատենակալների մեծամասնությունը եզրակացրել է, որ Meta-ն, որը նախկինում հայտնի էր Facebook անվամբ, տարիներ շարունակ մոլորեցրել է օգտատերերին՝ հատկապես Facebook-ում՝ նրանց անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ։

Դատավորի խոսքով՝ ընկերության մոլորեցնող հայտարարությունները վերաբերել են ոչ միայն օգտատերերի տվյալների մշակման մեթոդներին, այլև Facebook-ի բիզնես գործունեության հիմնարար սկզբունքներին։

«Խաբեությունը վերաբերում էր ոչ միայն Facebook-ի՝ օգտատերերի տվյալների հետ աշխատելու մեթոդներին, այլև ընկերության բիզնես գործունեության բուն հիմքերին»,- նշել է դատավորը։

Meta-ն այս տարի արդեն տուգանվել է մի շարք այլ դատական գործերով կամ համաձայնել է կարգավորել դրանք։ Մասնավորապես, ընկերությունը 18 միլիարդ դոլարի համաձայնություն է ձեռք բերել Կալիֆոռնիայի գլխավորած նահանգների և տարածքների կոալիցիայի իշխանությունների հետ՝ երեխաների անվտանգության վերաբերյալ գործով։

Նոր որոշմամբ սահմանված 25 միլիարդ դոլարի տուգանքը Meta-ի դեմ երբևէ կիրառված ամենամեծ ֆինանսական պատժամիջոցն է։

Leave a comment