Թրամփը դիմել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը «Թրամփի օվկիանոս» վերանվանելու համար, բայց մերժում է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել «Թրամփի օվկիանոս» (Trump Ocean), սակայն ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչային մերժել է նրան։

Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը կիսվել է գետն ու օվկիանոսը վերանվանելու իր ցանկությամբ․ «Մենք գետ ենք փնտրում, կցանկանայի՝ մեծը լինի։ Իսկ ինչ վերաբերում է օվկիանոսներին… ինձ դուր են գալիս միայն երկուսը՝ Ատլանտյանը և Խաղաղ օվկիանոսը։ Ես չեմ պատրաստվում որևէ այլ օվկիանոսի անուն տալ՝ ո՛չ «Թրամփ», ո՛չ էլ «Ամերիկա»՝ բացի այդ երկուսից։ Ուստի մենք լրջորեն դիտարկեցինք Ատլանտյան օվկիանոսի տարբերակը։ Ես կապ հաստատեցի «Google Maps»-ի հետ․ նրանք հիանալի աշխատանք կատարեցին՝ վերանվանելով մի լիճ [Օնտարիո լիճը՝ «Ամերիկա լիճ»], պարզապես հրաշալի է։ Ես խոսեցի մի փայլուն մարդու՝ Սունդարի հետ։ Նա ղեկավարում է ամբողջ Google ընկերությունը։ Նա հանճարեղ մարդ է․ նա և [Google-ի համահիմնադիր] Սերգեյը [Բրինը] հանճարներ են։ Ես ասացի․ «Սունդա՛ր, մտածում եմ Ատլանտյան օվկիանոսի մասին։ Կարո՞ղ ես դա անել»։ Նա պատասխանեց․ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Այս անգամ չեմ կարող դա անել։ Գիտե՛ք, այն սահմանակցում է շատ տարբեր երկրների։ Խնդրում եմ, մի՛ խնդրեք մեզ դա անել»։ Ուստի, ենթադրում եմ, որ կհրաժարվեմ այդ մտքից»,- ասել է պետության ղեկավարը։

«Հրաժարվե՞մ արդյոք։ Կարծում եմ՝ Ատլանտյան օվկիանոսը կթողնենք այնպես, ինչպես կա, համաձա՞յն եք»,- հարցրել է Թրամփն իր կողմնակիցներին։ «Խաղաղ օվկիանոսը՞։ Գուցե այն անվանե՞նք Ամերիկյան օվկիանոս։ Ինչպե՞ս եք կարծում, Եվրոպան ինչպե՞ս կարձագանքի։ Կարծում եք՝ դա նրանց դո՞ւր կգա։ Եվրոպան, հավանաբար, հիացած կլինի, այնպես չէ՞։ [Եվրոպական հանձնաժողովի նախագահ] Ուրսուլան [ֆոն դեր Լայենը] կզանգահարի ու կասի. «Օ՜, շատ շնորհակալություն»», — կատակել է նախագահը։

Leave a comment