Կոտայքի մարզում 13–ամյա տղան հոսանքահարվել ու այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Բաժանորդագրվել

13-ամյա տղան բակում պահմտոցի խաղալիս թաքնվել է էլեկտրակայանում, որտեղ էլ հոսանքահարվել է։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում 13-ամյա երեխան հոսանքահարվել է ու այրվածքներով տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 22:00-ի սահմաններում Այրվածքաբանության ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ «էլեկտրահարություն, էլեկտրական այրվածք 3-րդ և 4-րդ աստիճանի գլխի և վերին վերջույթների, թիկունքի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

«Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ 13-ամյա Ա. Ա.-ն է։ Պարզվել է, որ տղան իրենց գյուղում ժամը 19:00-ի սահմաններում բակում պահմտոցի խաղալու ժամանակ թաքնվել է էլեկտրակայանում, որտեղ էլ հոսանքահարվել է»,–գրում է կայքը։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment