20:02 21.10.2026 (Թարմացված է: 20:06 21.10.2026)
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին Sputnik Արմենիային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։