Կյանքից հեռացել է կինոգետ, արձակագիր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է կինոգետ, արձակագիր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 75 տարեկանում կյանքից հեռացել է կինոգետ, արձակագիր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։

Դավիթ Մուրադյանի հեռանալով՝ հայ մշակույթը կորցրեց իր նվիրյալներից մեկին, որի բազմամյա գործունեությունը նշանակալի հետք է թողել հայ կինոգիտության, գրականության, թատերարվեստի և մշակութային կյանքի զարգացման գործում։

Նա հայ կինոյի պատմության և տեսության ուսումնասիրության, կինոարվեստի հանրահռչակման, գրական և դրամատուրգիական ստեղծագործության ոլորտներում իր ուրույն ձեռագիրն ունեցող մտավորական էր։ Երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նպաստելով հայկական կինոարտադրության զարգացմանը, հեղինակել է գրքեր, հոդվածներ, պիեսներ և սցենարներ, վարել կինոյին նվիրված հեռուստահաղորդումներ։

Դավիթ Մուրադյանը կարևոր ավանդ է ունեցել նաև մշակույթի կառավարման և կրթության ոլորտներում։ 2008-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը, տարբեր տարիներին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահը, իսկ 2014-2019 թվականներին ղեկավարել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Որպես դասախոս, պրոֆեսոր և կինոգիտական ու սցենարական դասընթացների ղեկավար՝ նա իր գիտելիքներն ու փորձը փոխանցել է երիտասարդ սերնդին՝ նպաստելով կինոյի և թատերարվեստի ապագա մասնագետների կրթությանն ու մասնագիտական կայացմանը։ Նա նաև Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն էր։

Դավիթ Մուրադյանը 2011 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, իսկ 2006 թվականին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի։

Նրա ստեղծագործական ժառանգությունը, մշակութային կյանքում ունեցած ներդրումը և սերունդների կրթությանն ու դաստիարակությանն ուղղված երկարամյա աշխատանքը շարունակելու են մնալ հայ մշակույթի անբաժանելի մասը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատողներին։

Leave a comment