«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է

Երևանի «Ուրատուն» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ։

«ՀՖՖ-ի՝ «Ուրարտու» ՖԱ-ի կողմից արտահերթ ժողովին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել։

Ակումբը տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին և, համապատասխանաբար, ո՛չ համաձայնություն է հայտնել, ո՛չ էլ հրաժարվել է դրան միանալուց։

Հետևաբար, ակումբի հրաժարվելու մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՖՖ-ն արձագանքել է «Ուրատուի» հայտարարությանը:

«Ի պատասխան «Ուրարտու» ՖԱ-ի հայտարարությանը՝

ՀՖՖ-ն ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է ՀՖՖ 29 անդամ ակումբներին, այլ ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Իսկ թե ինչու «Ուրարտուն» ՖԱ-ն տեղյակ չի եղել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին, ՀՖՖ-ն չի կարող պատասխանել, քանի որ, ինչպես արդեն շեշտել ենք, արտահերթ ժողով հրավիրելը եղել է ՀՖՖ 29 անդամ ակումբների նախաձեռնությունը»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը: Նշվում էր, որ նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։

Leave a comment