Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կան գործընկերներ, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունը տեսնել խեղճ՝ որպես պետականության նմանակ, բուտաֆորիա։
Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։
«Ցավոք սրտի, ունենք գործընկերներ, որոնք, այո՛, ուզում են տեսնել Հայաստանի Հանրապետությունը խեղճ, որպես բուտաֆորիա»,– ասել է նախարարը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը շարունակում է մնալ Հայաստանի իշխանության քաղաքական հանձնառությունը։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը պետք է իրավական ամրապնդում տա արդեն հաստատված խաղաղությանը և նպաստի Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ամրապնդմանը։
«Մենք խաղաղության պայմանագրի ստորագրումից ոչ մի վայրկյան չենք հրաժարվում։ Դա մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և մենք շատ վճռական և հետևողական կերպով գնալու ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կգա ինստիտուցիոնալացնելու հաստատված և գործող խաղաղությունը»,– հայտարարել է Միրզոյանը։
Նախարարը պաշտպանել է խաղաղությունն աստիճանաբար կառուցելու մոտեցումը՝ տարբեր ոլորտներում հնարավոր առաջընթացը չպայմանավորելով բոլոր հարցերի միաժամանակյա լուծմամբ։ Նրա գնահատմամբ՝ գործնականում հնարավոր չէ սպասել, որ ամբողջ փաթեթը լուծվի միանգամից։