Քաղաքականություն
21.10.2026 | 16:23
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի գործարքի շրջանակներում արդեն նախապատրաստվում են մի քանի լցանավերի մեկնումը։
«Առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից»,- ասել է Պուտինը։
Հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել էին Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարման հնարավորությունները ԱՄՆ-ի և միջազգային շուկաներ։ Այդ զրույցից հետո, Թրամփի հանձնարարությամբ, ԱՄՆ Ֆինանսների նախարարության՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը ժամանակավոր ընդհանուր լիցենզիա էր տրամադրել, որը թույլատրում էր ռուսական դիզելային վառելիքի մատակարարումը համաշխարհային շուկա։ Հաջորդ օրը Ռուսաստանի կառավարությունը հայտնել էր, որ դիզելային վառելիքի արտահանման արգելքը մասամբ հանվել է։ Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։
Պուտինը նաև նշել է, որ համաշխարհային շուկաներում դիզելային վառելիքի գները նվազել են 5-6%-ով՝ ԱՄՆ ռուսական վառելիքի մատակարարումների մասին հայտարարությունից հետո։
«Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ հայտարարեցին ԱՄՆ մատակարարումների մասին, համաշխարհային շուկաներում դիզելային վառելիքի գներն ընկել են 5-6%-ով»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին մեծ քանակությամբ հանքային պարարտանյութեր մատակարարել։
«Ինչ վերաբերում է ֆերմերներին, ապա նախագահ Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել է այս հարցին։ Մենք կարող էինք մեծ քանակությամբ պարարտանյութեր մատակարարել»,- ասել է Պուտինը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի