Թուրքիայի Ալանիայի շրջաններից մեկի բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել

Բաժանորդագրվել

Մի շարք շրջաններում ավտոմեքենաների մուտքի սահմանափակումներ են մտցվել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ջրհեղեղի վտանգի պատճառով Ալանիա հանգստավայրի մոտ գտնվող Դիմ գետի մերձակա շրջանների բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել: Տեղեկությունը հայտնում է «Yeni Alanya» թերթը։

Ալանիայում հորդառատ անձրևների հետևանքով ջրի մակարդակը Դիմ գետում և ջրամբարներում կտրուկ բարձրացել է: Ջրի հզոր հոսքի պատճառով գետի ափին գտնվող մի քանի ռեստորաններ արդեն վնասվել են:

«Հատկապես գետափին գտնվող տների բնակիչներին բարձրախոսով կոչ են անում շտապ լքել առաջին և նկուղային հարկերը։ Մի շարք շրջաններում ավտոմեքենաների մուտքի սահմանափակումներ են մտցվել», – հայտնել է թերթը։

Սաստիկ քամու և տեղատարափ անձրևների պատճառով օդերևութաբանները Թուրքիայի 81 նահանգներից 49-ում վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել։

Leave a comment