Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման քննարկուման ժամանակ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քննադատել է կառավարության կողմից խորհրդարան ուղարկված փաստաթղթերի որակն ու գործընթացի հաջորդականությունը։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհաքաղաքական նման մեծ նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ ԱԳՄԱ նախարարության ներկայացրած եզրակացությունը կազմում է ընդամենը մեկուկես էջ, իսկ տեղեկանքը՝ երեք պարբերություն․
«Որևէ ռիսկերի գնահատում, որևէ SWOT անալիզ չկա այդ եզրակացության մեջ։ Բացի այդ, համաձայնագրում բազմաթիվ հղումներ են արվում Բաժնետիրական համաձայնագրին ու Կանոնադրությանը, սակայն այդ փաստաթղթերը մեզ չեն տրամադրվել։ Դուք մեր վզին փաթաթում եք կարևորագույն փաստաթղթի վավերացման պարտավորություն, իսկ դետալների մասին ասում եք՝ հետո կխոսենք։ Ինչո՞ւ ամբողջական փաթեթը չի ներկայացվում խորհրդարանին»,- հայտարարեց Հովսեփյանը։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ պաշտոնական եզրակացությունները կազմվում են հաստատված պետական կաղապարներով, և դրանցում SWOT վերլուծությունների տեղ չկա։
«SWOT եք ուզո՞ւմ, եկեք հիմա միասին նստենք ու անենք SWOT անալիզ՝ ուժեղ ու թույլ կողմեր, հնարավորություններ ու սպառնալիքներ։ Բայց ե՞րբ եք տեսել միջազգային պայմանագրի պաշտոնական եզրակացության մեջ SWOT անալիզ լինի»,- նշեց նախարարը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչու մինչև օրս ամերիկյան կողմից չկա պաշտոնական ծանուցում ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին, չնայած նշված էր հունիսի 30-ի ժամկետը։
Արեգա Հովսեփյանը բարձրացրել է նաև Սահմանադրական դատարանի հարցը։ Հղում անելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետին՝ նա շեշտեց, որ կառավարությունն իրավասու էր նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը ևս ուղարկել ՍԴ՝ դրա համապատասխանությունը ստուգելու համար․
Անդրադառնալով Բաժնետիրական համաձայնագրի և Կանոնադրության բացակայությանը՝ Միրզոյանը պարզաբանեց, որ հենց այս շրջանակային համաձայնագիրն է սահմանում քաղաքական ու իրավական առանցքը, և հետագայում ընդունվելիք որևէ կանոնադրություն կամ փաստաթուղթ չի կարող դուրս գալ դրա սահմաններից կամ հակասել Հայաստանի ինքնիշխանությանը։ Նախարարը նաև հավելել է, որ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերն արդեն հանրայնացված են e-draft հարթակում։ Իսկ Խաղաղության պայմանագիրը նախապես Սահմանադրական դատարան ուղարկելու ընդդիմադիր պատգամավորի առաջարկին Միրզոյանն դրական արձագանքեց։
«Երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրենք, մենք ըստ օրենքի պարտավոր ենք այն ուղարկել ՍԴ։ Դուք ասում եք՝ մինչև ստորագրելն էլ կարող եք ուղարկել նախաստորագրված տեքստը, Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է։ Իմ պատասխանը գիտե՞ք որն է․ կարող է և արժի՛, չեմ բացառում, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան